Իրանում Ուկրաինայի դեսպանություն. այս պահին ահաբեկչության կամ հրթիռային գրոհի վարկածը բացառվում է
Իրանում Ուկրաինայի դեսպանությունը տեղեկացրել է, որ նախնական տեղեկատվությամբ ինքնաթիռն աղետի է ենթարկվել տեխնիկական պատճառներով։
Այս մասին ասվում է դեսպանության պաշտոնական հայտարարությունում։ «08.01.2020-ին, Թեհրանի ժամանակով մոտավորապես ժամը 6.00-ին (Կիեւի ժամանակով ժամը 4.30) Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան օդանավակայանից թռիչքից հետո կործանվել է «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության Boeing-737 ինքնաթիռը, որը կատարում էր Թեհրան-Կիեւ PS752 չվերթը»,- ասվում է հաղորդագրությունում։ Դեսպանությունում նշել են, որ նախնական տեղեկատվությամբ ինքնաթիռը կործանվել է շարժչի վթարի հետեւանքով։ Ներկայում ահաբեկչության կամ հրթիռային հարձակման վարկածը բացառվում է, տեղեկացնում է UNIAN-ը։