Իրանի շուրջ հակամարտությունը կարող է ընդլայնել իր աշխարհագրությունը. իրանագետ
Այժմ ականատես ենք լինում ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ դասական հիբրիդային պատերազմի, որին ներգրավված են երրորդ երկրներ, մասնավորապես, Իրաքը: Այս մասին հունվարի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց իրանագետ Ահարոն Վարդանյանը:
Նա չբացառեց, որ տվյալ հակամարտության աշխարհագրությունը կարող է ընդլայնվել:
«Օրինակ, տվյալ հակամարտությանը կարող են ներգրավվել Սիրիան, Լիբանանը, Իսրայելն ու տարածաշրջանի այլ երկրներ, հատկապես, եթե Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը բացահայտ հայտարարում է, որ պատրաստ է պատասխան հարվածներ հասցնել Դուբայի, Հայֆի եւ Թել Ավիվի ուղղությամբ, եթե ԱՄՆ-ը ուղիղ հարված հասցնի իրանական օբյեկտներին: Այսինքն, այդ սցենարը եւս չի կարելի բացառել»,- ասաց Վարդանյանը՝ նշելով, որ իրավիճակի նման սրման պատճառով որոշակի սպառնալիքներ կարող են առաջանալ նաեւ Հայաստանի համար:
Նա, մասնավորապես, հիշեցրեց, որ իրանական կողմն արդեն մեկ անգամ հայտարարել է իր մտահոգության մասին՝ կապված Հայաստանի տարածքում ամերիկյան հետախուզության գործունեության ակտիվացման հետ: «Այդ ամենը հաշվի առնելով՝ հայկական կողմը պետք է առավելագույնս զգույշ լինի՝ միեւնույն ժամանակ բարի կամք դրսեւորելով եւ տարբեր ձեւաչափերով ու հարմար առիթի դեպքում տարածաշրջանի երկրների հետ բանակցություններ վարելով»,- պարզաբանեց իրանագետը: