Ամերիկացիների մեծ մասը սպասում է պատերազմի Իրանի հետ
Ամերիկացիների երկու երրորդը (71 տոկոսը) սպասում է պատերազմի Իրանի հետ առաջիկա մի քանի տարիների ընթացքում, վկայում են Reuters/Ipsos-ի հարցման արդյունքները իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո։
2019 թվականի մայիսին անցկացված նման հարցման ընթացքում պատերազմի սպասում էր հարցվածների 51 տոկոսը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Հունվարյան հարցումը վկայում է նաեւ, որ ամերիկացիների 41 տոկոսը Իրանը համարում է «անմիջական սպառնալիք» ԱՄՆ-ի համար (17 կետով ավելի բարձր, քան մայիսին), 27 տոկոսը հավանություն է տալիս Իրանին ուղղված կանխիչ հարվածին (գրեթե երկու անգամ ավելի, քան մայիսին), եւս 41 տոկոսը հայտարարում է, որ ԱՄՆ-ը չպետք է առաջինը հարված հասցնի։ Հարցումն անցկացվել է հունվարի 3-6-ին ԱՄՆ 1005 մեծահասակ բնակիչների շրջանում։
Reuters/Ipsos-ի մեկ այլ հարցման տվյալներով, որն իրականացվել է Սոլեյմանիի սպանությունից հետո, ամերիկացիների կեսից ավելին կողմ չէ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությանն Իրանի հարցում։
Այդ հարցման համաձայն, որն անցկացվել է հունվարի 6-7-ին 1108 մեծահասակ ամերիկացիների շրջանում, 53 տոկոսը հավանություն չի տալիս Իրանի հարցում Թրամփի վարած քաղաքականությանը։ Դա 9 տոկոսային կետով ավելի բարձր է, քան դեկտեմբերին։
Նրանց թիվը, ովքեր «կտրականապես են դեմ» Թրամփի գործողություններին այս ուղղությամբ, ավելացել է 10 կետով՝ 39 տոկոս։
Հանրային կարծիքը, ինչպես եւ առաջ, բաժանվում է ըստ կուսակցական հատկանիշի. հանրապետականներն աջակցում են Թրամփին, մինչդեռ դեմոկրատների ու անկախների շրջանում նրա քաղաքականության քննադատությունն ավելացել է։ Միայն տասներորդ հանրապետականն է դժգոհ Թրամփի գործողություններից, նույնքան դեմոկրատներ էլ հավանություն են տալիս նրա գործողություններին։
Հունվարյան երկու հարցումները անցկացվել են պլյուս-մինուս 4 տոկոսային կետի վրիպանքով։
Հունվարի 3-ի գիշերը ԱՄՆ-ը Բաղդադի միջազգային օդանավակայանի շրջանում իրականացրեց Սոլեյմանիի եւ իրաքյան շիական աշխարհազորի ղեկավարի տեղակալ Աբու Մահդի ալ Մուհանդիսի սպանության գործողությունը, որոնց Վաշինգտոնում համարում են դեկտեմբերի 31-ին Բաղդադում ամերիկյան դեսպանության վրա հարձակման կազմակերպման հանցակից։ Իրանը խոստացել է վրեժ լուծել ԱՄՆ-ից։