Գտնվել է կործանված ուկրաինական ինքնաթիռի սև արկղը. Իրանի իշխանությունները նշել են ուկրաինական Boeing-ի կործանման պատճառը
Իրանցի փրկարարները գտել են հունվարի 8-ի առավոտյան Թեհրանի միջազգային օդանավակայանից թռիքչն սկսելուց գրեթե անմիջապես հետո կործանված ուկրաինական «Բոինգ-737»-ի սև արկղը։ Ինչպես տեղեկացրել է իսլամական հանրապետության պետական հեռուստատեսությունը, սեւ արկղը հայտնաբերվել է Թեհրանի մերձակայքում։
«Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» ինքնաթիռի բոլոր ուղեւորների եւ անձնակազմի անդամների զոհվելու փաստը Իրանի Կարմիր կիսալուսնից հետո հաստատել է Ուկրաինայի ԱԳՆ-ն։ Ինքնաթիռը կատարում էր Թեհրան-Կիեւ չվերթը։
«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներին» պատկանող Boeing ինքնաթիռի կործանման պատճառը շարժիչների այրվելն էր։ Օդանավը Թեհրանից թռչում էր Կիև և կործանվել է թռիչքից անմիջապես հետո։ Այս մասին տեղեկացրել է Իրանի ճանապարհների եւ քաղաքային զարգացման նախարարության մամուլի ծառայության ղեկավար Ղասիմ Նիզամին, որը ղեկավարում է նաեւ քաղավիացիայի, օդային տարածքի օգտագործման եւ Իրանի օդային տարածքն օգտագործողների աերոնավիգացիայի սպասարկման հարցերը, տեղեկացնում է IRNA-ն։
Նրա խոսքով՝ ուկրաինական ինքնաթիռը կործանվել է «տեխնիկական պատճառով»՝ կապված շարժիչների խնդրի հետ։ «Եթե արտակարգ դրությունը պայմանավորված լիներ հրթիռով, ինքնաթիռը կպայթեր օդում, բայց պատճառը շարժիչների հրդեհն էր եւ ինքնաթիռը վերահսկելու՝ օդաչուի անջաջող փորձը, ինչն էլ հանգեցրել է կործանման»,- ասել է Նիզամին՝ մեկնաբանելով տեղեկություններն այն մասին, թե ուկրաինական օդանավը կործանվել է հրթիռի պատահական հարվածից։