Թրամփին տեղեկացրել են Իրաքում հրթիռակոծության մասին. ԱՄՆ նախագահը խոստացել է հանդես գալ հայտարարությամբ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին տեղեկացրել են Իրաքում ամերիկյան բազաների հրթիռակոծության մասին, նա հետեւում է իրավիճակին։ Այս մասին հաղորդում է Թրամփի մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշեմը։
«Մենք տեղյակ ենք Իրաքում ամերիկյան օբյեկտների վրա հարձակման մասին։ Նախագահին տեղեկացրել են, նա ուշադիր հետեւում է իրավիճակին եւ խորհրդակցում անվտանգության գծով իր թիմի հետ»,-ասել է նա։
Սպիտակ տան շուրջը անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են
ԱՄՆ նախագահի Վաշինգթոնում գտնվող նստավայրի շուրջը անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են՝ կապված Իրաքում ամերիկյան ռազմական օբյեկտների հրթիռակոծության հետ։ Այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով ամերիկյան ուժային կառույցների ներկայացուցչին։
Ըստ հեռուստաընկերության, Սպիտակ տան շուրջը ԱՄՆ գաղտնի ծառայության լրացուցիչ աշխատակիցներ են տեղակայվել։ Միաժամանակ, Գաղտնի ծառայությունում հրաժարվել են մեկնաբանել իրավիճակը՝ միայն նշելով, որ «մշտապես ընթանում է սպառնալիքի գնահատում»։
Պենտագոնի պաշտոնական ններկայացուցիչ Ջոնաթան Հոֆմանը հայտարարել է, որ Իրանը հրթիռային հարված է հասցրել առնվազն 2 ամերիկյան ռազմաբազաների։ Նրա խոսքով, հրթիռակոծվել են Էրբիլի օդանավակայանն ու Այն ալ-Ասադի բազան։ Օգտագործվել է իբր ավելի քան 10 հրթիռ։
«Ամեն ինչ կարգին է։ Հրթիռներն արձակվել են Իրանից Իրաքում երկու բազաների ուղղությամբ։ Այժմ գնահատվում է վնասի չափը եւ արդյոք կան տուժածներ։ Բայց ամեն ինչ լավ է... Ես հայտարարությամբ հանդես կգամ առավոտյան»,-գրել է ԱՄՆ նախագահը Twitter-ում։
Մինչ այդ Թրամփը Իրաքում եւ Իրանում ստեղծված իրավիճակը քննարկել է Կատարի էմիրի հետ։
«Նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ-Թանիի հետ։ Նախագահը շնորհակալություն է հայտնել Կատարի էմիրին ԱՄՆ-ի հետ ամուր համագործակցության համար։ Նրանք քննարկել են իրավիճակը Իրաքում եւ Իրանում, ինչպես նաեւ կրեւոր երկկողմ եւ տարածաշրջանային հարցեր»,-լչագրողներին ասել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջադ Դիրը։
Նա չի հստակեցրել, թե արդյոք այդ զրույցը եղել է նախքան Իրանի կողմից ամերիկյան բազաներին հարվածներ հասցնելը։
Նշենք, որ այս գիշեր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության համար վրեժի գործողություն սկսելու մասին։ «Երկիր-երկիր» հրթիռներ են արձակվել Իրանից Իրաքի արեւմուտքում գտնվող Էյն ալ-Ասադ բզայի եւ Էրբիլի բազայի ուղղությամբ, որտեղ տեղակայված է ԱՄՆ բանակի զորակազմ։