Իրանական բալիստիկ հրթիռները հարձակվել են Իրաքում ԱՄՆ մի շարք ռազմական օբյեկտների վրա
Իրաքում տեղակայված մի քանի ամերիկյան ռազմաբազաներ ենթարկվել են իրանական բալիստիկ հրթիռների կողմից հարձակման, այս մասին հաղորդում է ABC հեռուստաընկերությունը՝ հղում կատարելով ամերիկյան աղբյուրներին:
Հրթիռակոծման արդյունքում վնասվել են Իրաքի հյուսիսում Էրբիլ քաղաքի մոտակայքում տեղակայված ամերիկյան ռազմական օբյետը, ինչպես նաև Աին-Ալ-Ասադ ռազմական ավիաբազան:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, ԱՄՆ-ն ընդունել է հրթիռակոծման փաստը մի քանի ուղղություններով, այդ թվում` Աին-Ալ-Ասադ ավիաբազայի վրա հարձակումը:
Ավելի վաղ Sky News Arabia հաղորդել էր, որ Աին-Ալ-Ասադ ռազմաօդային բազայի ուղղությամբ, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը, բաց է թողնվել 9 հրթիռ:
Press TV-ի տեղեկություններով, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս խմբավորումը հայտարարել է, որ Աին-Ալ-Ասադի հրթիռակոծումը պատասխանն է Կասեմ Սուլեյմանիի սպանությանը:.
Տեղեկատվություն տուժածների և ավերածությունների մասին դեռ չկա:
Հիշեցնենք, ավելի վաղ Operativ լրատվականը հաղորդել էր, որ երեկ` երեքշաբթի օրը, հայտնի էր դարձել, թե ԱՄՆ-ն ցանկանում է տվյալ ավիաբազայում կառուցել ռազմավարական օդանավակայան` B-52 ռմբակոծիչների թռիչքուղու համար: