Պուտինն ու Ասադը քննարկել են ահաբեկչության վերացման ծրագրերը եւ Թուրքիայի գործողությունները
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այցով Դամասկոս է ժամանել, որտեղ ռուսական ուժերի հրամանատարական կետում հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադի հետ, հայտնում է ՍԱՆԱ-ն:
Հանդիպման ժամանակ նախագահները քննարկել են տարածաշրջանի վերջին իրադարձությունները, ահաբեկչության վերացման ծրագրերը, որը սպառնում է Իդլիբում սիրիացի քաղաքացիների անվտանգությանը, երկրի հյուսիսում իրավիճակի զարգացումը եւ Թուրքիայի գործողությունները, ինչպես նաեւ քաղաքական գործընթացին աջակցությունը եւ դրա համար համապատասխան պայմանների ստեղծումը:
Նախագահներ Ալ Ասադը եւ Պուտինը լսել են Սիրիայում գործող ռուսական ուժերի հրամանատարի ռազմական զեկույցը:
Նախագահ Պուտինը շնորհավորել է Սիրիայում ռուս զինվորականների Սուրբ ծնունդը:
Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադը նույնպես շնորհավորել է ռուս սպաների եւ զինվորների Սուրբ ծնունդը՝ երախտագիտություն եւ անձամբ իր ու սիրիացի ժողովրդի կողմից շնորհակալություն հայտնելով խիզախության համար, որը նրանք դրսեւորում են Սիրիայի արաբական բանակի հերոսների հետ միասին:
ՌԴ նախագահ Պուտինը Ալ Ասադի ուղեկցությամբ զբոսնել է Դամասկոսում, այցելել Օմեյադների մզկիթ, մարգարե Յախյիի (Հովհաննես Մկրտիչի) դամբարան եւ գրառում թողել այցելուների գրքում:
Պուտինն Ասադի ուղեկցությամբ այցելել է նաեւ Կույս Մարիամի (Ալ Մարիամիայի) Մայր տաճար եւ նվիրել սուրբ Կույս Մարիամի սրբապատկերը:
Կույս Մարիամի Մայր տաճարը Դամասկոսում հնագույններից է, որի պատմությունը սկսվում է տարածաշրջանում քրիստոնեության տարածման մեկնարկից եւ համարվում է Անտիոքի եւ համայն Արեւելքի Ուղղափառ եկեղեցու պատրիարքարանի թեմը: