Քրիս Հեմսվորթը 1 մլն դոլար է հատկացրել անտառային հրդեհների դեմ պայքարի համար
Ավստրալացի դերասան Քրիս Հեմսվորթը, որը Marvel-ի ֆիլմերում մարմնավորել է Թոր աստծուն, սուպերհերոսի վարքագիծ է դրսեւորում ոչ միայն էկրանին։ Հոլիվուդյան աստղը հայտարարել է, որ ընտանիքի հետ 1 մլն դոլար է նվիրաբերում անտառային հրդեհների դեմ պայքարին։ Դերասանը մարդկանց կոչ է անում միավորվել եւ հատկացնել ցանկացած գումար։
«Ես 1 մլն դոլար կնվիրաբերեմ եւ հույս ունեմ՝ դուք եւս ներդրում կունենաք՝ ցանկացած չափով։ Յուրաքանչյուր դոլար հաշվվում է։ Այդ գումարներն անմիջապես ուղղվում են հրդեհներին, ճակատում գտնվող մարդկանց, մարդկանց, որոնք տուժել են, համայնքներին, որոնք տուժել են եւ որոնք աջակցության կարիք ունեն»,- պարզաբանել է դերասանը։
Ավելի վաղ գումար հատկացնելու մասին հայտարարել են ավստրալական ծագում ունեցող Ռասել Քրոուն, որն աճուրդում իր գլխարկը վաճառել էր ավելի քան 400 հազար դոլարով եւ Նիկոլ Քիդմանը, որը 500 հազար դոլար էր հատկացրել։