«BAFTA-2020». հայ սցենարիստի ֆիլմը կարող է ստանալ բրիտանական «Օսկար»-ի գլխավոր մրցանակը
Հայտնի է «BAFTA-2020» մրցանակաբաշխության հավակնորդների ցանկը, որն անվանում են «բրիտանական Օսկար»։ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում գլխավոր հավակնորդների շարքում Մարտին Սկորսեզեի «Իռլանդացին» ֆիլմն է, որի սցենարիստը Սթիվեն Զաիլյանն է։
Գլխավոր մրցանակին հավակնում են նաեւ «Ջոկեր», «Մի անգամ Հոլիվուդում», «1917» եւ «Մակաբույծները» ժապավենները։ Լավագույն ռեժիսոր անվանակարգում առաջադրված են Սեմ Մենդեսը, Թոդ Ֆիլիպսը, Մարտին Սկորսեզեն, Պոն Չժուն Հոն, Քվենտին Տարանտինոն։
Մեծ Բրիտանիայի գլխավոր կինոմրցանակին անվանակարգերի քանակով առաջատարն ամերիկացի ռեժիսոր Թոդ Ֆիլիպսի «Ջոկեր» ֆիլմն է։ Լոնդոնում հայտարարվել են հավակնորդների անունները, եւ «Ջոկերը» հաղթանակի է հավակնում 11 անվանակարգում, այդ թվում «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսորական աշխատանք», «Լավագույն ադապտացված սցենար», «Լավագույն դերասան»։