Գեներալ Սոլեյմանիի մարմինը հուղարկավորելու համար տեղափոխվել է իր հայրենի Քերման քաղաք (Տեսանյութ)
ԻՀՊԿ «Ալ Ղուդս» ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մարմինը հուղարկավորելու համար տեղափոխվել է նրա հայրենի Քերման քաղաք, հայտնում է Tasnim-ը:
Գեներալին հրաժեշտ տալու են եկել հարյուր հազարավոր մարդիկ:
Ավելի վաղ Ղասեմ Սոլեյմանիին հրաժեշտ են տվել Ահվազ, Մեշհեդ եւ Թեհրան քաղաքներում:
Հիշեցնենք, որ գեներալ Սոլեյմանին սպանվել է հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանի մոտ ԱՄՆ ՌՕՈՒ ավիահարվածի ժամանակ: Սոլեյմանիից բացի, սպանվել են «ալ Հաշդ աշ Շաաբի»-ի հրամանատարի տեղակալ Աբու Մահդի ալ Մոհանդեսը եւ նրա մոտ 10 կողմնակիցներ: Զոհվածները երկու ավտոմեքենաներով դուրս էին եկել Բաղդադի օդանավակայանից: ԻՀՊԿ-ն հաստատել էր գեներալ Սոլեյմանիի սպանությունը:
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին Սոլեյմանիի սպանության հետ կապված եռօրյա համազգային սուգ էր հայտարարել՝ նշելով, որ դաժան վրեժխնդրություն է սպասում նրանց, ում ձեռքերին են մնացել նրա, ինչպես նաեւ մյուս նահատակների արյունը: