Երբ անձնական հարմարավետությունն ամեն ինչից վեր է (Լուսանկարներ)
Հայաստանի մայրաքաղաքում ավտոմեքենաների թվի ավելացմամբ վատթարացել է կայանատեղիների հետ կապված վիճակը: Երեւանի կենտրոնում հաճախ կայանատեղի գտնելը լուրջ խնդիրներ է առաջացնում: Խնդիրն ի վիճակի չեն լուծել ո՛չ «կարմիր գծերը», ո՛չ վճարովի կայանատեղիները:
Օբյեկտիվ հետեւանքներ ունենալով՝ խնդիրը, սակայն, հաճախ ցուցադրում է նաեւ սուբյեկտիվ մոտեցումներ. մեկը կայանատեղի որոնելով՝ պտույտներ է կատարում եւ ի վերջո՝ մինչեւ նշանակման կետ ոտքով բավականին մեծ տարածություն անցնում, մյուսը հրաժարվում է դեպի կենտրոն սեփական մեքենայով ուղեւորությունից, իսկ ինչ-որ մեկն էլ պարզապես քամահրում է ճանապարհային երթեւեկության կանոններն ու սովորական քաղաքավարությունը՝ անձնական հարմարավետությունն ամեն ինչից վեր դասելով: Արդյունքում՝ հաճախ կարելի է մեծաչափ մեքենաներ տեսնել մայթերին, սիզամարգերին, որոնք փակում են հետիոտնային անցումները եւ թեքահարթակները:
Կայանատեղիների այսպիսի «գեներալների» պահվածքն է հաճախ դառնում խցանումների, տուգանքների (որից հետո իրենք՝ վայ վարորդները գանգատվում են համացանցում եւ իրավասու մարմիններում) եւ, որն ավելի վատթարն է՝ ճանապարհային պատահարների եւ վրաերթերի պատճառ:
NEWS.am-ը ներկայացրել է այդպիսի անկիրթ պահվածքի մի քանի օրինակներ: Լուսանկարները կատարվել են Երեւանի փողոցներում եւ վերցվել են ֆեյսբուքյան «Մի՛ վարվեք այդպես» խմբից: