Իրանի խորհրդարանը վավերացրել է Վաշինգտոնից «խիստ վրեժ» լուծելու մասին որոշումը
Երեքշաբթի Իրանի խորհրդարանը վավերացրել է Վաշինգտոնից «խիստ վրեժ» լուծելու մասին որոշումը, հայտնում է Mehr-ը:
Արտահերթ առաջարկը 2019 թվականի ապրիլի 23-ին վավերացված օրինագծի արդիականացված տարբերակն է, որի համաձայն ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը ճանաչվել էր ահաբեկչական կազմակերպություն՝ ի պատասխան Միացյալ Նահանգների կողմից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու:
Նստաշրջանի ժամանակ հայտարարությամբ է հանդես եկել Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին:
«Այսօր՝ գեներալ Սոլեյմանիի սպանության ԱՄՆ դաժան միջոցառումից հետո, որի պատասխանատվությունը ստանձնել է ԱՄՆ նախագահը, մենք արդիականացնում ենք նախորդ օրենքը եւ հայտարարում, որ Պենտագոնի բոլոր անդամները, հրամանատարները, գործակալները եւ գեներալ Սոլեյմանիի նահատակման համար պատասխանատու բոլոր անձինք համարվելու են ահաբեկչական ուժեր»,- հայտարարել է Լարիջանին:
Իրանի խորհրդարանի խոսնակը հավելել է, որ ըստ արդիականացված օրենքի՝ թույլ է տրվում Իրանի Ազգային զարգացման հիմնադրամից ԻՀՊԿ «Ալ Ղուդս» ստորաբաժանմանն առաջիկա 2 ամսում հատկացնել 200 մլն եվրո:
Լարիջանին նշել է, որ նշված գումարը հատկացնելու թույլտվությունն արդեն ստացվել է: