Ռոհանին Սոլեյմանիի սպանության մասին. ակնկալում ենք, որ հարեւան կառավարությունները կդատապարտեն այս չարիքը
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հեռախոսազրույց է ունեցել աֆղանստանցի պաշտոնակցի՝ Աշրաֆ Գանիի հետ, տեղեկացնում է ԻԻՀ նախագահի կայքը։
Զրույցի ընթացքում Ռոհանին քննարկել է գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը։
«Մենք ակնկալում ենք, որ մեր բարեկամ եւ հարեւան կառավարությունները միաձայն կդատապարտեն այս չարիքը, հանցավոր ակտը»,- ասել է նա։
Միեւնույն ժամանակ, Իրանի նախագահի խոսքով՝ Միացյալ Նահանգների վրա հույս դնել չի կարելի։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք չի նախաձեռնել ագրեսիայի որեւէ ակտ կամ անգամ լարվածություն Միացյալ Նահանգների հետ, եւ Իրանի գործողությունները միշտ եղել են ամերիկյան ագրեսիայի պատասխանը»,- նշել է նա։
Ռոհանին նշել է, որ իրանա-աֆղանական հարաբերությունները բուռն զարգացում են ունեցել վերջին մի քանի տարիներին եւ հույս է հայտնել, որ քաղաքական, տնտեսական եւ մշակութային կապերը կզարգանան նաեւ հետագայում՝ շնորհիվ Թեհրանի եւ Քաբուլի իմաստնության։
«Աֆղանստանի խաղաղությունն ու կայունությունը հսկայական նշանակություն ունեն Իրանի համար, եւ մենք կարծում ենք, որ խաղաղությունն ու կայունությունն Աֆղանստանում շահավետ են երկու երկրներին»,- ավելացրել է նա։
Ի պատասխան Գանիի ցավակցության Սոլեյմանիի զոհվելու հետ կապված՝ Ռոհանին նշել է. «Մենք գիտենք, որ Աֆղանստանի ժողովուրդը, ինչպես եւ Իրանի ժողովուրդը, սգում է այս պատահարի առիթով»։