Աշխարհն ավելի անվտանգ է դարձել Սոլեյմանիի մահվան արդյունքում. Պոմպեո
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ABC հեռուստաալիքի հարցազրույցում ասել է, որ աշխարհն ավելի անվտանգ է դարձել գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո։
«Նա վատ տղա էր, մենք վերացրինք նրան խաղադաշտից։ Եվ դա կարեւոր է, որովհետեւ այդ տղան այն սոսինձն էր, որը միացնում էր ակտիվ պլաններն ընդդեմ Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ վտանգի ենթարկելով ամերիկացիների կյանքը»,- ասել է Պոմպեոն։
ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը ճիշտ որոշում է կայացրել՝ «բացառելով Ղասեմ Սոլեյմանիին Ամերիկայի դեմ ահաբեկչական կամպանիայից, որի մեջ ներգրավված էր»։
Պոմպեոն միաժամանակ մեկնաբանել է The New York Times թերթի հրապարակումը՝ հայտարարելով, որ հետախուզությունում ոչ ոք թերահավատությամբ չի վերաբերվել Սոլեյմանիին սպանելու առաջարկին։
«Հետախուզական տվյալների գնահատականը հստակ ցուցադրել է, որ ոչ մի գործողություն, որը թույլ կտար Սոլեյմանիին շարունակել իր ահաբեկչական գործունեության պատրաստությունն ու ծրագրումը, ավելի մեծ ռիսկ չէր ստեղծի, քան այն գործողությունները, որոնք մենք ձեռնարկել ենք անցած շաբաթ»,- նշել է նա։