Իրանում հազարավոր մարդիկ փողոց էին դուրս եկել՝ դիմավորելու գեներալ Սոլեյմանիի դագաղը (Տեսանյութ)
«Ռոսիա 24» Youtube-ալիքում հայտնվել է տեսանյութ, որում երեւում է, թե ինչպես են մարդիկ դիմավորում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Կուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի դագաղը։
Ինչպես նշում է հեռուստաալիքը, Իրանում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ հրաժեշտ տալու գեներալին, որի մարմինն այսօր հասցվել է հայրենիք։
Ներկայում Ահվազում տեղի է ունենում գեներալի հրաժեշտի արարողությունը։
Դրանից հետո ԱՄՆ ՌՕՈւ հարվածների հետեւանքով զոհվածների մարմինները կտեղափոխվեն Մեհշեդ, այնուհետեւ՝ Թեհրան, Կում եւ Քերման։
Գեներալ Սոլեյմանին սպանվել է ուրբաթ օրը՝ հունվարի 3-ին, Բաղդադի օդանվակայանի մոտ ԱՄՆ ՌՕՈւ ավիահարվածի հետեւանքով։ Սոլեյմանիից բացի սպանվել են «Ալ Հաշդ աշ Շաաբի»-ի հրամանատարի տեղակալ Աբու Մահդի ալ Մոհանդեսը եւ նրա մոտ տասը զինակիցներ։ Զոհվածները երկու մեքենայով դուրս էին եկել Բաղդադի օդանավակայանից։ ԻՀՊԿ-ն հաստատել է Իրաքում գեներալ Սոլեյմանիի սպանությունը։
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեին եռօրյա համազգային սուգ է հայտարարել Սոլեյմանիի սպանության առիթով՝ հայտարարելով, որ դաժան վրեժ է սպասվում նրանց, ում ձեռքերին է նրա, ինչպես եւ մյուս նահատակների արյունը։