Գերմանիան մտադիր է ուղիղ բանակցություններ վարել Թեհրանի հետ. Հայկո Մաաս
Գերմանիայի կառավարությունը կօգտագործի բոլոր հնարավոր դիվանագիտական խողովակները, որպեսզի թույլ չտա իրավիճակի հետագա թեժացում Մերձավոր Արեւելքում իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո։ Միջոցների շարքում Գերմանիայի կառավարությունը մտադիր է ուղիղ բանակցություններ վարել Թեհրանի հետ։ Այս մասին ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը Bild պարբերականի հարցազրույցում, տեղեկացնում է DW-ն։
«Առաջիկա օրերին մենք կօգտագործենք բոլոր լծակները՝ թույլ չտալու համար իրավիճակի հետագա թեժացումը, ՄԱԿ-ում եւ ԵՄ-ում եւ տարածաշրջանի մեր գործընկերների հետ երկխոսությունում, այդ թվում Իրանի հետ բանակցություններում»,- ասել է Հայկո Մաասը։
Նախարարը նշել է, որ սերտ շփման մեջ է բրիտանական եւ ֆրանսիական ԱԳՆ ղեկավարների՝ Դոմինիկ Ռաաբի եւ Ժան-Իվ լը Դրիանի, ինչպես նաեւ ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության գծով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի ու ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի հետ։
Հայկո Մաասի խոսքով՝ «այժմ ցանկացած սադրանք կարող է հանգեցնել բռնության անվերահսկելի պարույրի՝ անկանխատեսելի հետեւանքներով, ինչպես ողջ տարածաշրջանի, այնպես էլ եվրոպական անվտանգության համար»։ Նա նշել է, որ Գերմանիայի նպատակն է՝ թույլ չտալ ռազմական թեժացում, պահպանել Իրաքի կայունությունն ու ամբողջականությունը եւ խանգարել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններին ամրացնել դիրքերը՝ օգտվելով ստեղծված իրադրությունից։
Նա ընդգծել է, որ պայքարը ջիհադականների դեմ բխում է Գերմանիայի շահերից, եւ բունդեսվերի մասնակցությունը առաքելությանն Իրաքում անվանել է ԻՊ-ին դիմակայելու կարեւոր տարր։