Իրանը լիովին պատրաստ է վրեժ լուծել Սոլեյմանիի սպանության համար. ԻՀՊԿ ՌԾՈւ հրամանատար
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Ալիռեզա Թանգսիրին հայտարարել է, որ Իրանը լիովին պատրաստ է եւ անհամբերությամբ սպասում է, որպեսզի վրեժ լուծի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Կուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար, տեղեկացնում է Tasnim-ը։
«Հակառակորդը սխալմամբ կարծում էր, թե Ղասեմ Սոլեյմանիի ֆիզիկական ոչնչացմամբ կկարողանա նաեւ ոչնչացնել ամբողջ տարածաշրջանում արմատավորված եւ գերիշխող կատաղի հեղափոխական շարժումը»,- ասել է Թանգսիրին։
Դերծովակալի խոսքով՝ Իրանի հակառակորդը տեղյակ չէ, որ «Դիմադրության առանցքը եւ նրա պայքարը (ԱՄՆ) գլոբալ մեծամտության դեմ այնպես է նվաճել մարդկանց սրտերը տարածաշրջանում, որ այն չի կարող վերանալ իր մարտիկների ֆիզիկական վերացման ճանապարհով»։
«Մենք պատրաստ ենք եւ անհամբերությամբ սպասում ենք, որպեսզի վրեժ լուծենք հանցագործներից, ովքեր կանգնած են այդ հանցագործության հետեւում»,- ավելացրել է ԻՀՊԿ ՌԾՈւ հրամանատարը։