Վրեժը ճաշատեսակ է, որը սառն են մատուցում. Իրան
Իրանը չի շտապի լեգենդար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը պատասխանելու հարցում: Իրանի ԶՈՒ պաշտոնական ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Աբոլֆազլ Շեքարչին հայտարարել է, որ վրեժը դաժան կլինի, բայց Իրանը մտադիր է խուսափել հապշտապ գործողություններից, փոխանցում է Mehr-ը:
Նրա խոսքով՝ Իսլամական Հանրապետությունն իրավունք ունի արձագանքելու գեներալ Սոլեյմանիի սպանությանը եւ դա անպայման կանի: «[Իրան-ԱՄՆ] պատերազմի կամ ցանկացած առճակատման դեպքում ամերիկացիներին լուրջ վնաս կհասցվի, եւ եթե նրանք որոշեն որեւիցե խելահեղության դիմել, Իրանի արձագանքն ավելի դաժան կլինի»,- ասել է նա՝ հավելելով, որ «ամերիկացիները կատարել են անշրջելի քայլ»:
ԱՄՆ ՌՕՈՒ-ն նախօրեին ավիահարված է հասցրել Բաղդադի օդանավակայանից ոչ հեռու, որի հետեւանքով սպանվել է ԻՀՊԿ «Ղուդս» ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Ղասեմ Սոլեյմանին: Պենտագոնը հայտարարել է, որ հարձակման հրամանը տվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Գեներալ Սոլեյմանիի մարմինը Իրան կտեղափոխվի երկուշաբթի հայրենի Քերման քաղաքում հուղարկավորելու համար: