Պուտինն ու Մակրոնը քննարկել են իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը
Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Էմանուել Մակրոնը քննարկել են իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում զրուցակիցները մտահոգություն են հայտնել Բաղդադի օդանավակայանի մոտ ԱՄՆ հրթիռակոծությունից ԻՀՊԿ «Կուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատարի զոհվելու առիթով։ Նրանք փաստել են, որ այդ ակցիան կարող է լրջորեն սրել իրավիճակը տարածաշրջանում։
Ինչպես տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, շարունակվել է Սիրիայի վերաբերյալ կարծիքների փոխանակությունը։ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է երկրի հյուսիս-արեւելքի եւ Իդլիբի վերաբերյալ ռուս-թուրքական պայմանավորվածությունների ընթացքի մասին։ Ղեկավարներն ընդգծել են ահաբեկչության դեմ համատեղ վճռական պայքարի շարունակման անհրաժեշտությունը։ Հաստատվել է միջսիրիական քաղաքական գործընթացի առաջմղման խնդրի հրատապությունը, ինչպես նաեւ քաղաքացիական բնակչությանը հումանիտար օգնության ցուցաբերումը։ Լիբիայում իրադրության քննարկման ժամանակ Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը արտահայտվել են ճգնաժամը խաղաղ ճանապարհով լուծելու օգտին։ Աջակցություն է հայտնվել քաղաքական-դիվանագիտական ջանքերին, որոնք նախաձեռնվում են նաեւ ՄԱԿ եւ Գերմանիայի միջնորդությամբ։ Դիտարկվել են ներուկրաինական հակամարտության կարգավորման հիմնական ասպեկտները։ Շեշտադրվել է մինսկյան «Համալիր միջոցների» եւ որոշումների հետեւողական իրականացման կարեւորությունը, որոնք ընդունվել են Փարիզում, 2019 թվականի դեկտեմբերի 9-ին «նորմանդական ձեւաչափով»։ Դրական գնահատական է տրվել 2019 թվականի դեկտեմբերի 29-ին Կիեւի եւ Դոնբասի միջեւ տեղի ունեցած կալանավորված անձանց փոխանակմանը, ինչպես նաեւ 2019-ին Ուկրաինայի տարածքով Եվրոպա ռուսական գազի տարանցման «փաթեթային» գործարքին։