Արագածոտնի մարզում բախվել են Ford-ն ու Nissan X-Trail-ը, վերջինս էլ փլուզել է պատը. վիրավորներից մեկը երեխա է
Այսօր՝ հունվարի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 11:10-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Պռոշյան - Երվանդ Շահազիզ փողոցների խաչմերուկում բախվել են Ford և Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 3 հոգի, այդ թվում՝ 1 երեխա, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Աշտարակի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից երեխային տեղափոխել են Երևանի «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարակական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության ծառայողները, ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը։ Տեղում իրականացվել են հետաքննչական աշխատանքներ, փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել են նաև «Նաիրի ինշուրանս» և «Ռոսգոստրախ» ապահովագրական ընկերություների ներկայացուցիչները: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը եղել է Ford-ի վարորդը, որը ոչ միայն չի զիջել Nissan վարորդին, այլ նաև ստեղծել է վթարային իրավիճակ, ինչն է դարձել է վթարի պատճառ: Նշված փողոցում տեղադրված է ցուցանակ, սակայն ոչինչ չի երևում այդ ցուցանակից: Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը, տեղեկանալով այդ մասին, խոստացավ, որ կարճ ժամանակում ոչ միայն նշված փողոցում, այլև ևս մի քանի այլ փողոցներում կտեղադրվեն ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակներ:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Nissan X-Trail» (վարորդ` Կարեն Գ.) և «Ford Kuga» (վարորդ` Հռիփսիմե Ե., ծնված 1996 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Ford Kuga» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Նորիկ Գ.-ն (ծնված 1956 թ.), Շողիկ Գ.-ն (ծնված 2010 թ.) և Էմմա Մ.-ն (ծնված 1986 թ.) հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ, որտեղ Նորիկ Գ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր և տեղափոխել «Արմենիա» ՀԲԿ, իսկ մյուսներինը՝ բավարար: