Ղասեմ Սոլեյմանիին սպանողներին դաժան վրեժ է սպասվում. Խամենեի
Նրանց, ովքեր սպանել են «Ալ Կուդս» ջոկատների հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիին, սպասվում է «դաժան վրեժ»։ Այս մասին ասել է Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեին, տեղեկացնում է PressTV-ն։
«Աշխարհի ամենադաժան մարդիկ սպանել են պատվարժան հրամանատարին, որը քաջաբար տարիներ շարունակ պայքարում էր չարիքի ու աշխարհի ավազակների դեմ։ Նրա վախճանը չի դադարեցնի նրա առաքելությունը, բայց հանցագործները, որոնց ձեռքերի վրա է Սոլեյմանիի եւ մյուս նահատակների արյունը, պետք է սպասեն դաժան վրեժի»,- ասվում է Խամենեիի հայտարարությունում։
«Մեր անշահախնդիր եւ թանկագին գեներալի մահը վշտալի է, բայց շարունակվող պայքարը եւ վերջնական հաղթանակի ձեռքբերումը մարդասպանների ու հանցագործների կյանքը ավելի վշտալի կդարձնի»,- ավելացրել է նա։
Խամենեին ցավակցել է իրանցի ժողովրդին եւ գեներալ Սոլեյմանիի ընտանիքին եւ եռօրյա սուգ հայտարարել ողբերգության առիթով։
Մինչ այդ Պենտագոնը հաստատել էր, որ ուրբաթ հրթիռային հարված է հասցրել Բաղդադի օդանավակայանի շրջանում, ինչի հետեւանքով սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի ԶՈւ էլիտար ուժեր) հատուկ նշանակության ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանին։ Ամերիկյան ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը տեղեկացրել էր նաեւ, որ գործողությունն իրականացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ։