ԱՄՆ-ը Իրանին դիմակայելու համար մտադիր է ապահովել «բավարար ռեսուրսների առկայությունը». Պոմպեո
Վաշինգտոնը մոտ 4000 ամերիկյան զինվոր է պատրաստել Մերձավոր Արեւելք ուղարկելու համար, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Fox News-ին։
Պենտագոնում նրա աղբյուրների համաձայն, ամերիկյան զինվորականները արդեն ստացել են համապատասխան հրամաններ։ Նրանք կարող են առաջիկա մի քանի օրերին ուղղվել Քուվեյթ։
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հեռուստաալիքին հարցազրույցի ժամանակ միանշանակ պատասխան չի տվել այն հարցին, թե կարող է արդյոք հաստատել այդ տեղեկատվությունը։ Նա միայն ընդգծել է, որ ԱՄՆ-ը Իրանին դիմակայելու համար մտադիր է ապահովել «բավարար ռեսուրսների առկայությունը»։
ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը հայտարարել է, որ Վաշինգտոնն առաջիկայում Բաղդադում դեսպանության վրա հարձակման հետ կապված մոտ 750 զինվորական կուղարկի տարածաշրջան։