Իրանի միջուկային գործարքը փլուզման վտանգի տակ է. Լավրով
Իրանի միջուկային գործարքը ԱՄՆ եւ եվրոպացի մասնակիցների դիրքորոշման պատճառով փլուզման սպառնալիքի տակ է։ Այս մասին ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ բանակցությունների արդյունքներով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Լավրովը տեղեկացրել է, որ իրանցի գործընկերոջը պատմել է «այդ կարեւոր միջազգային պայմանավորվածությունը պահպանելու Ռուսաստանի ջանքերի մասին, որը փորձում է խափանել ԱՄՆ-ը»։ «Դա միջազգային դիվանագիտության կարեւորագույն ձեռքբերումն է, նկատի ունեմ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ), այն փլուզման սպառնալիքի տակ է»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ նախարարը։
«Ցավով նշում ենք ԵՄ մեր գործընկերների անհետեւողականության մասին, որոնք նույնպես լիովին չեն կատարում ԳՀՀԾ գծով իրենց պարտավորությունները,- նշել է Լավրովը։- Մենք համոզված ենք, որ եթե նման գիծը, որը Վաշինգտոնը պարտադրում է անխտիր աշխարհի բոլոր երկրներին, ՄԱԿ Անվտանգության խորհրդի որոշումը չկատարելու դեպքում շարունակվի, ապա այդ ամենը կարող է հանգեցնել լուրջ բացասական հետեւանքների ամբողջ տարածաշրջանի, ընդհանրապես միաջզգային հարաբերությունների համար»։
Լավրովը հայտարարեց հաջորդ տարի Իրան այցելելու ծրագրերի մասին՝ Մոհամադ Ջավադ Զարիֆի հրավերով։
«Իմ ընկերն ու գործընկերը հրավիրել է ինձ հաջորդ տարի այցելել Թեհրան։ Ես հաճույքով կօգտվեմ այդ հրավերից»,- ասել է Լավրովը։