«2020-ին պարտադիր կլինեմ երջանիկ. այդպես եմ որոշել». Անդրե
Ամանորը հրաշք է, որին սպասում են բոլորը՝ ամեն տարվա հետ պահելով նոր երազանքներ, ցանկություններ ու կազմելով նորանոր ծրագրեր:
NEWS.am STYLE-ն ամանորյա թեմատիկ անավարտ նախադասություններ է կազմել, որոնց շարունակությունը թողել ենք հայտնիների հայեցողությանը:
Ահա, թե ինչպես է մեր նախադասությունները շարունակել երգիչ Անդրեն, որը մեզ է տրմադրել նաեւ դեռեւս չհրապարակված կադրեր ԱՄՆ-ում իրականացրած իր նոր ֆոտոշարքերից:
Ամանորն Ամանոր չէ առանց Աստված եւ առանց սեր ու հարգանք ընտանիքներում:
Ամանորը կցանկանայի դիմավորել Հայաստանում, բայց արդեն քանի տարի է՝ դիմավորում եմ ԱՄՆ-ում: Հուսով եմ՝ մյուս տարի կլինեմ հայրենիքումս:
Սիրում եմ, երբ Ամանորի գիշերը համեղ ուտելիքներով լի սեղան ենք նստում ընտանիքով եւ վայելում միմյանց ներկայությունը՝ սպասելով սիրելի հյուրերին:
Չեմ սիրում, երբ Ամանորին հիվանդ եմ լինում: Այս տարի ցավոք՝ մրսել եմ մի քանի օր առաջ ու այսպես պետք է դիմավորեմ: Բայց հուսով եմ՝ մինչ դեկտեմբերի 31-ը կապաքինվեմ: (ժպտում է):
Երբ փոքր էի, մտածում էի, որ, իսկապես, Ձմեռ պապ կա, մինչեւ չտեսա, որ իմ թանկագին ծնողներն են քրտնաջան աշխատում ամբողջ տարի եւ լավ նվերներ պատրաստում իմ եւ քրոջս՝ Անուշի համար, իսկ իրենց տանջանքն ու սերը գցում էին անծանոթ սպիտակամորուք պապիկի վրա (ծիծաղում է):
Ամենախենթ նվերը, որ խնդրել եմ Ձմեռ պապից... Երեւի՝ դեռ չեմ խնդրել, բայց անպայման Աստծուն կխնդրեմ այս տարի:
Եթե ես լինեի Ձմեռ պապ... Ես Երգի պետական թատրոնում մի անգամ եղել եմ Ձմեռ պապ (ժպտում է): Բայց եթե իսկապես այդ միֆը ճիշտ լիներ, ապա ես այնպես կանեի, որ մարդիկ երջանկության ու սիրո պակաս չզգային եւ միշտ լինեին ինքնաբավ, առողջ ու հաջողակ՝ բոլոր առումներով: Բայց ես, ցավոք, Ձմեռ պապ չեմ:
Ամեն տարվա սկզբին պարտադիր... Չկա նման պարտադիր բան, որ ամեն տարեսկզբին լինում է: 2020-ին պարտադիր կլինեմ երջանիկ. այդպես եմ որոշել (ժպտում է):
Այս տարի Ձմեռ պապից խնդրել եմ... Աստծուց եմ խնդրել ամենակարեւորը խաղաղություն մեր հայրենիքի համար, իսկ ինձ համար՝ գործերում հաջողություն եւ նորանոր գեղեցիկ երգեր, որոնք կհրամցնեմ իմ սիրելի հայ հանդիսատեսին:
2020-ին ծրագրում եմ շատ բաներ. Աստված տա կարողություն եւ ուժ, որ կյանքի կոչեմ բոլոր երազանքներս ու անելիքներս: Ինչպես նշեցի՝ ինձ համար առաջնահերթ երջանիկ լինելն է:
Սյունե Առաքելյան