Իրաքի իշխանությունները հայտարարել են, որ ԱՄՆ հարվածները խախտում են երկրի ինքնիշխանությունը
ԱՄՆ անօդաչու սարքերի հարվածները Իրաքի շիական աշխարհազորի բազաներին Սիրիայի հետ սահմանին երկրի ինքնիշխանության խախտում են, այս մասին ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսփերի հետ հեռախոսազրույցում ասել է Իրաքի անցումային կառավարության ղեկավար Ադել Աբդ ալ Մահդին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Իրաքի վարչապետի պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Աբդ ալ Մահդին Էսփերի հետ հեռախոսազրույցում նշել է, որ Բաղդադը «մինչ այդ արդեն հայտարարել էր, որ չի ընդունում որեւէ միակողմանի գործողություն կոալիցիայի ուժերի կամ որեւէ այլ ուժերի կողմից Իրաքի տարածքում»։
«Մենք նրանց հարվածները համարում ենք Իրաքի ինքնիշխանության խախտում եւ վտանգավոր թեժացում, որը սպառնում է Իրաքի եւ տարածաշրջանի անվտանգությանը»,- ասել է Աբդ ալ Մահդիի ներկայացուցիչը, որին մեջբերում է երկրի INA տեղեկատվական գործակալությունը։
Ավելի վաղ շիական «ալ Հաշդ աշ Շաաբի» ժողովրդական աշխարհազորի հրամանատարությունը հայտարարել էր այն մասին, որ շարժման տասնյակ մարտիկներ են զոհվել, տասնյակ մարտիկներ ստացել են վիրավորումներ ռազմաբազաներին ԱՄՆ անօդաչու թռչող սարքերի հարվածների հետեւանքով։
Ավելի ուշ Պենտագոնի ղեկավարի օգնական Ջոնաթան Հոֆմանն ասել է, որ ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Իրաքում եւ Սիրիայում «Հեզբոլլահի» հինգ օբյեկտների, «ի պատասխան իրաքյան բազաներին «Քաթաիբ Հեզբոլլահի» (KH) կրկնվող գրոհների»։
Պենտագոնում նշել են, որ այդ հարվածներն ուղղված էին այն բանին, որպեսզի նվազեցվի խմբավորման՝ «ապագայում կոալիցիայի ուժերին հարվածներ հասցնելու» հնարավորությունը։
Իրաքյան լրատվամիջոցների տվյալներով՝ Իրաքի անցումային կառավարության ղեկավար Ադել Աբդ ալ Մահդին շիական աշխարհազորի կայաններին ԱՄՆ հարվածների առնչությամբ կոչ է արել գումարել երկրի Անվտանգության խորհրդի շտապ հանդիպում։