Եղևնիների սպանդ Արթիկում. Քաղաքացիները կարծում են, որ դրանցով քաղաքի գլխավոր տոնածառն են զարդարել (Լուսանկարներ)
Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, բազմաթիվ ահազանգեր է ստացել Արթիկ քաղաքի բնակիչներից, որ անհայտ անձը կամ անձինք երեկ՝ դեկտեմբերի 28-ին, Արթիկի «Խաղաղության զբոսայգուց», Շախմատի տան հարևանությամբ կտրել են հսկայական եղևնիներ: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Քաղաքացիները մատնացույց անելով նշված վայրը, ասում էին. «Տեսնես ով կամ ովքեր են այն սրիկաները, որ անմարդկային կերպով ծառերի սպանդ են իրականացրել: Քոքից կտրել են մի քանի հաստաբուն եղևնի: Մենք ունենք կասկածներ, որ դրանք կտրվել են Արթիկի Գլխավոր տոնածառի համար, սակայն դա պետք է պարզեն ոստիկանները: Եթե իրոք պարզվի, որ մի քանի օրվա հաճույքի համար Արթիկի քաղաքապետարանի պաշտոնյաները բնության նկատմամբ նման վանդալիզմ են իրականացրել, ապա կարելի է թույլ տվողներին ու կտրողներին պարտադրել, որպեսզի նշված այգին ոչ միայն բարեկարգեն, այլ մի 100 հատ էլ եղևնի տնկեն: Իհարկե, նաև ենթարկվեն պատասխանատվության»:
Ֆոտոլրագրողի հարցին, թե որքանով են վստահ, որ Արթիկի քաղաքապետարանի աշխատակիցներն են արել, մի քանի քաղաքացիներ էլ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Կրակն առանց ծուխ չի լինում: Մենք վստահ ենք, որ մեր քաղաքի գլխավոր տոնածառը հենց այդ եղևնիներից են սարքել: Մենք վստահ ենք դրանում նաև այն պատճառով, որ ծառերի սպանդի հետ կապված մեր ահազանգերին քաղաքապետարանի որևէ պաշտոնյա առ այսօր չի արձագանքել»: