Տոներին ո՞ր հիվանդությունների դեպքում չի կարելի ոգելից խմիչք օգտագործել
Ոգելից խմիչքն օգտակար չէ ոչ ոքի համար, սակայն առողջ մարդիկ կարող են իրենց թույլ տալ մի փոքր խմել տոների ժամանակ, եւ, ամենայն հավանականությամբ, սարսափելի ոչինչ նրանց հետ տեղի չի ունենա: Սակայն որոշ հիվանդությունների դեպքում ալկոհոլ օգտագործելն արգելված է անգամ փոքր չափաբաժնով, ինչպես պնդում է գաստրոէնտերոլոգ Ալեքսեյ Պարոմոնովը (Ռուսաստան):
Նախ խոսքը վերաբերում է լյարդի քրոնիկական հիվանդություն, օրինակ, հեպատիտ, ունեցող մարդկանց, գրում է «Արգումենտի ի ֆակտի» թերթը: Այդ մարդկանց կտրականապես արգելվում է ալկոհոլ օգտագործել:
«Այդպիսի հիվանդների համար մահացու վտանգ կարող է ներկայացնել ալկոհոլի անգամ փոքր քանակությունը. մեկ կաթիլը կարող է սպանել»,-հայտարարել է բժիշկը:
Նրա խոսքով՝ ալկոհոլն արգելված է նաեւ քրոնիկական պանկրեատիտի դեպքում. անհնար է կանխատեսել այդ հիվանդության պարագայում մարդու ենթաստամոքսային գեղձի արձագանքն ալկոհոլի նկատմամբ: Այդ պատճառով պանկրեատիտով տառապող հիվանդներին մասնագետը խորհուրդ է տալիս զերծ մնալ ալկոհոլից, եթե նրանք չեն ցանկանում փչացնել առաջիկա տոներն իրենց եւ իրենց հարազատների համար:
Ինչ վերաբերում է մյուս մարդկանց, մասնագետները հիշեցնում են, որ չարժե ալկոհոլ չարաշահել, եթե անգամ դուք ձեզ լիովին առողջ եք համարում: