Կարլսենն՝ արագ շախմատի աշխարհի չեմպիոն, Արոնյանը 5-րդն է (Լուսանկար)
Դասական շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հաղթանակով ավարտվեց Մոսկվայում անցկացված արագ շախմատի աշխարհի առաջնությունը։ Նորվեգացի գրոսմայստերը 15 հնարավորից վաստակեց 11,5 միավոր։
Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը 10 միավորով գրավեց 5-րդ տեղը։ Այս մրցաշարում Արոնյանը պարտվեց միայն Կարլսենին, որի հետ մրցեց 12-րդ տուրում։ Երրորդ մրցումային օրվա մյուս չորս պարտիաներում Արոնյանը պարտության մատնեց վիետնամցի Լե Կուանգ Լիեմին, հնդիկ Սուրիա Գանգուլիին, ոչ ոքի խաղաց չինացի Հաո Վանի եւ իսպանացի Դավիդ Անտոնի հետ։
Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Հրանտ Մելքումյանը 9,5 միավորով գրավեց 18-րդ տեղը, Գաբրիել Սարգսյանը վաստակեց 8,5 միավոր եւ 54-րդն է, Զավեն Անդրիասյանը 8 միավորով 71-րդն է, Մանուել Պետրոսյանը 8 միավորով զբաղեցրեց 75-րդ, Արման Փաշիկյանը 7,5 միավորով 108-րդն է, Տիգրան Պետրոսյանը 6,5 միավորով 161-րդն է։