Մեծ Բրիտանիայի կառավարությունը սխալմամբ հրապարակել է հազարից ավելի հայտնիների հասցեների ցուցակը
Մեծ Բրիտանիայի կառավարությունը սխալմամբ հրապարակել է ամանորյա New Years Honours մրցանակի հազարից ավել դափնեկիրների հասցեների ցուցակը, որում ընդգրկված են քաղաքական գործիչներ, երաժիշտներ, հաղորդավարներ, ոստիկանական բաժանմունքների պետեր, հաղորդում է BBC News-ը։
Ցուցակը հրապարակվել է կառավարության կայքում, այնուհետեւ այն ջնջել են։
Գաղտնազերծված հասցեների շարքում կան այնպիսի անուններ, ինչպիսիք են սըր Էլթոն Ջոնը, հայտնի կրիկետ խաղացող Բեն Սթոուքսը, խոհարարական շոու վարող Նադիա Հուսեյնը, Պահպանողական կուսակցության նախկին առաջնորդ Դունկան Սմիթը եւ ուրիշներ։
Հեռուստաալիքին տված մեկնաբանությունում երկրի նախարարների կաբինետը ներողամտություն է հայցել կատարվածի կապակցությամբ։
«New Years Honours 2020 թվականի մրցանակի դափնեկիրների ցուցակը սխալմամբ հրապարակվել է մրցանակը ստացողների հասցեներով։ Տեղեկատվությունը հնարավորինս արագ հեռացվել է»,- նշել են կառավարությունում՝ հավելելով, որ իրենք ուղիղ կապ են հաստատում տուժողների հետ։