ԱՄՆ-ում մանկապարտեզի սեփականատիրուհին երեխաներին թաքցրել է նկուղում
Կոլորադո նահանգի սոցիալական ծառայությունների վարչությունը կասեցրել է Կոլորադո-Սփրինգս քաղաքում մանկապարտեզի լիցենզիայի գործունեությունը։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ոստիկանները հայտնաբերել են նկուղում թաքցրած 26 երեխաների, հայտնում է USA.one-ը։
Երբ քննիչները եկել են մանկապարտեզ, նրանք զարմացել են, որ ոչ մի երեխա չկա։ Մանկապարտեզի տիրուհին՝ 58-ամյա Կառլա Ֆեյթը, հրաժարվել է մեկնաբանել դա, սակայն սպաները հանկարծ ներքեւից երեխաների ձայներ են լսել։ Խուզարկելով Ֆեյթի առանձնատունը՝ նրանք սենյակներից մեկում հայտնաբերել են խաբուսիկ պատ, որի հետեւում նկուղ տանող աստիճան է եղել։ Նկուղում եղել է մինչեւ 3 տարեկան 26 երեխա, ինչպես նաեւ նրանց խնամող երկու աշխատակից։ Play Mountain Place հաստատությանը միայն վեց կամ ավելի քիչ երեխայի սպասարկման արտոնագիր է տրվել։ Վարչության աշխատակիցները անհապաղ սկսել են զանգել ծնողներին։
Մանկապարտեզի տիրոջը եւ աշխատակիցներին կալանավորել են՝ երեխաների հանդեպ դաժան վերաբերմունքի նախնական մեղադրանքով։ Los Angeles Times-ի տվյալներով՝ սա կարգավորող մարմինների հետ Կառլա Ֆեյթի առաջին հանդիպումը չէ։ 1990-ականներին նա մանկապարտեզ է ունեցել Քալվեր Սիթիում (Կալիֆոռնիա)։ Նման բողոքներից հետո ոստիկանությունը խուզարկել է մանկապարտեզը, եւ սպաները տեսել են, թե ինչպես են աշխատակիցները 31 երեխաների հետ փախչում մոտակա նրբանցք՝ փորձելով թաքցնել նրանց։