2019 թվականին Գերմանիայից սպառազինության արտահանումը ռեկորդային է եղել
2019 թվականին Գերմանիայի դաշնային կառավարության կողմից հավանություն ստացած սպառազինության արտահանումը գնային արտահայտությամբ հասել է ռեկորդային նիշի՝ 7,95 մլրդ եվրո: Այս մասին են վկայում տվյալները, որոնք հրապարակել է երկրի էկոնոմիկայի եւ էներգետիկայի նախարարությունը՝ ի պատասխան Բունդեսթագի պատգամավորներ Օմիդ Նուրիփուրի՝ «Միություն 90» կանաչներ» կուսակցությունից եւ Սեւիմ Դագդելենի՝ Ձախ կուսակցությունից հարցման, հայտնում է dpa-ն:
2018 թվականի համեմատությամբ դեկտեմբերի 15-ի դրությամբ աճը կազմել է 65 տոկոս: Անցած երեք տարիներին համապատասխան ցուցանիշն անշեղորեն կրճատվում էր:
Նախորդ ռեկորդը՝ 7,86 մլրդ դոլար, սահմանվել էր 2015 թվականին, որին հաջորդել էր անկումը: Էկոնոմիկայի նախարար Պետեր Ալթմայերը, մասնավորապես, սա կապել է 2017 թվականին Բունդեսթագի ընտրություններից հետո առաջացած քաշքշուկների հետ, որոնք նախորդել են «մեծ կոալիցիայի» ձեւավորմանը:
2019 թվականին ամենախոշոր մատակարարումները հավանություն են ստացել Գերմանիայի ԵՄ եւ ՆԱՏՕ-ի գործընկեր Հունգարիայի համար (1,77 մլրդ եվրո), Եգիպտոսի (802 մլն եվրո) եւ ԱՄՆ-ի (483 մլն եվրո):
Եգիպտոսի հետ միասին (երկրորդ տեղում է) սպառազինություն ստացած երկրների թվում նշվում է նաեւ Արաբական Միացյալ Էմիրությունները (9-րդ տեղ): Այս երկու երկրները մտնում են Սաուդյան Արաբիայի գլխավորած միջազգային կոալիցիայի մեջ, որ հարձակումներ է կատարում Եմենում գործող ապստամբ հուսիների դիրքերի վրա:
2018 թվականի մարտին Գերմանիայում իշխող «մեծ կոալիցիայի» կուսակցությունները պայմանավորվել էին դադարեցնել սպառազինության մատակարարումներն այն երկրներ, որոնք «ուղղակիորեն» ներգրավված են Եմենում զինված հակամարտության մեջ: Պայմանավորվածությունները, սակայն, թույլ էին տալիս մի շարք բացառություններ:
Հուլիսի կեսին ԱՄԷ-ն սկսել էր Եմենի տարածքից իր զորքերի աստիճանական դուրսբերումը՝ ռազմական հակամարտությանը 4 տարի մասնակցելուց հետո:
Գերմանիան 2018 թվականի հոկտեմբերին Էր Ռիադին դադարեցրել էր զենք մատակարարել՝ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունից հետո: 2019 թվականի սեպտեմբերին Բեռլինն էմբարգոն երկարացրել էր մինչեւ 2020 թվականի մարտի վերջ:
Գերմանական սպառազինության առավել խոշոր գնորդների տասնյակ են մտնում նաեւ Ալժիրը (7-րդ տեղ), Կատարը (8-րդ տեղ) եւ Ինդոնեզիան (10-րդ տեղ), այսինքն՝ այն երկրները, որոնք, ինչպես նշում է dpa գործակալությունը, մեղադրվում են մարդու իրավունքների կոպիտ խախտումների մեջ: