Թրամփը քննադատել է Փելոսիին Կալիֆոռնիայում անօթեւանների թվի աճի պատճառով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի քննադատել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին՝ կոչ անելով նրան կենտրոնանալ Կալիֆոռնիայի նահանգում, որը Փելոսին ներկայացնում է ամերիկյան օրենսդիր մարմնի ստորին պալատում, անօթեւանների թվի ավելացման խնդիրը լուծելու վրա, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Կալիֆոռնիան երկրում առաջին տեղն է գրավում ինչպես անօթեւանների թվով, այնպես էլ անօթեւանների թվի աճի տեմպերով։ Արժեր, որ խելագար Նենսին կենտրոնանար իր այս ամայացած օկրուգի, ինչպես նաեւ իր ոչ բանիմաց նահանգապետին (Կալիֆոռնիայի նահանգապետ Գեւին Նյուսոմին) անօթեւանների մեծ խնդիրը լուծելու հարցում օգնելու վրա»,- գրել է ԱՄՆ նախագահը Թվիթերում։
Ներկայացուցիչների պալատի կողմից իմփիչմենթի ընթացակարգի գործարկումից հետո Թրամփը հաճախ է քննադատում Փելոսիին գործողությունների կամ անգործության պատճառով։ Անցած շաբաթ կոնգրեսականները հաստատեցին նախագահի դեմ մեղադրական եզրակացությունը, որը բաղկացած է երկու հոդվածից՝ իշխանության չարաշահում եւ խոչընդոտում Կոնգրեսին։ Այժմ մեղադրանքները պետք է հանձնվեն Սենատ, որտեղ իմփիչմենթի ընթացակարգը կվերածվի դատավարության։ Սենատորները հանդես կգան ատենակալների գործառույթով, իսկ ԱՄՆ օրենսդիր մարմնի ստորին պալատը փաստորեն հանդես է գալու որպես մեղադրող կողմ։
Ավելի վաղ ենթադրվում էր, որ կոնգրեսականները իմփիչմենթի հոդվածների քվեարկության օրը կդիտարկեն օրենսդիրների ցուցակի վերաբերյալ բանաձեւը, ովքեր հանդես են գալու որպես մեղադրողներ Սենատի դատավարությունում։ Այդ փաստաթուղթը պետք է հավանություն տար մեղադրանքի հոդվածները վերին պալատին հանձնելուն։ Բայց, Փելոսիի խոսքով, դեմոկրատները չեն կարող մեղադրողներ նշանակել եւ հանձնել հոդվածները, քանի դեռ չգիտեն, «թե ինչ է իրենից ներկայացնելու դատավարությունը»։
Ըստ հաստատված կանոնների՝ ստորին պալատի իրավաբանական կոմիտեի նախագահ Ջերոլդ Նադլերի կամ նրա ներկայացուցիչների նախաձեռնությամբ բանաձեւի քվեարկությունը կարող է կայանալ ցանկացած պահի: Ընդ որում՝ այս բանաձեւի քննարկման համար ժամանակային սահմանափակումներ չկան, ինչը տեսականորեն դեմոկրատներին հնարավորություն է տալիս մեղադրական հոդվածների ներկայացումը Սենատ հետաձգել ընդհուպ մինչեւ 2020 թվականի ընտրությունները: Թրամփն ավելի վաղ քանիցս քննադատել է դեմոկրատներին այն բանի համար, որ նրանք ուշացնում են մեղադրանքների հանձնումը Սենատ:
Իմփիչմենթ հայտարարելու համար անհրաժեշտ է սենատորների ձայների ոչ պակաս երկու երրորդը (67-ից ոչ պակաս): Այս պատճառով Սենատի ընթացիկ կազմի պարագայում իմփիչմենթի օգտին քվեարկելու հավանականությունը փաստացի զրոյական է: Հանրապետականները ընթացիկ տարվա սկզբից (նոյեմբերի միջանկյալ ընտրությունների արդյունքներով) Կոնգրեսի վերին պալատում ունեն 100-ից 53 մանդատ: