Խոշոր վթար «Արթիկ» ՔԿՀ-ի մոտ. 5 վիրավորներից երկուսի վիճակը ծանր է. նրանց մեջ երեխաներ կան
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ժամը 01:10-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի քրեակատարողական հիմնարկի մոտ տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Opel Zafira» (վարորդ՝ Արթուր Ս., ծնված 1990 թ.) եւ «ՎԱԶ-2109» (վարորդ՝ Գեւորգ Ա., ծնված 1981 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւորը՝ Նարինե Ս.-ն (ծնված 1986 թ.), հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, մյուս ուղեւորները՝ Ռուզաննա (ծնված 2005 թ.) եւ Սիրեկան (ծնված 2011 թ.) Ա.-երը՝ «Գյումրու Մոր եւ Մանկան Ավստրիական Հիվանդանոց», իսկ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորը՝ Հասմիկ Հ.-ն (ծնված 1990 թ.)՝ Արթիկի ԲԿ:
Բժիշկները վարորդի եւ Նարինե Ս.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, Ռուզաննա եւ Սիրեկան Ա.-երինը՝ միջին ծանրության, իսկ Հասմիկ Հ.-ինը՝ բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները եւ կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ: