Գլխավոր դատախազությունը հրաժարվել է հաստատել Խաչատրյան քույրերի գործով մեղադրական եզրակացությունը
Գլխավոր դատախազությունում որոշել են չհաստատել Խաչատրյան քույրերի գործով մեղադրական եզրակացությունը, որոնց մեղադրում են հոր սպանության մեջ: Այս մասին հայտնում են «Կոմերսանտն» ու ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում աղբյուրներին:
«Կոմերսանտի» տեղեկություններով՝ դատախազությունը եզրակացության մեջ մի քանի խախտումներ է գտել, ուստի գործն առայժմ դատարան չի ուղարկվի ըստ էության քննելու: Չի հաղորդվում, թե խոսքը կոնկրետ ինչպիսի թերությունների մասին է, բայց սխալները, հավանաբար, կապված են գործի որակման հետ:
Հիմա գործը պետք է վերադարձնեն Քննչական կոմիտե: Քրիստինա Խաչատրյանի փաստաբան Ալեքսեյ Լիպցերը «Նովայա գազետային» հայտնել է, որ պաշտպանական կողմին առայժմ չեն հայտնել գործը ՌԴ ՔԿ վերադարձնելու մասին:
Քննչական կոմիտեն դեկտեմբերի 3-ին ավարտել էր աղջիկների գործի քննությունը: Եզրակացության մեջ քննիչները նշել էին, որ սպանված Միխայիլ Խաչատրյանը դուստրերին պատճառել է ֆիզիկական եւ հոգեկան տառապանքներ, որը կարող էր որակվել որպես մեղմացուցիչ հանգամանք:
Խաչատրյան քույրերին մեղադրանք են առաջադրել հոր՝ 57-ամյա Միխայիլին անձանց խմբով, նախնական համաձայնությամբ, սպանության համար: Պաշտպանական կողմը պնդում է, որ աղջիկները գործել են անհրաժեշտ ինքնապաշտպանության շրջանակում՝ հոր կողմից բազմամյա խոշտանգումներից, ծեծից եւ նույնիսկ սեռական բռնությունից հետո: Լրացուցիչ փորձաքննությունը հաստատել է, որ Խաչատրյանի բռնության գործողությունները նրա դուստրերի առողջությանը ծանր վնաս են պատճառել: