Կայացել է Հայկական ԱԷԿ-ի արդիականացման եւ շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի հանձնաժողովի 10-րդ նիստը
Դեկտեմբերի 26-ն Մոսկվայում կայացել է Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի արդիականացման ու շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի համակարգող կոմիտեի համատեղ հանձնաժողովի 10-րդ նիստը: Խորհրդակցությանը մասնակցել են Հայաստանի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության, «Հայկական ատոմակայան» ՓԲԸ (Հայկական ԱԷԿ), «Արմատոմ» ՓԲԸ ԳՀԻ, «Ռոսատոմ» պետկորպորացիայի, ներառյալ՝ «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ, «Ռոսէներգատոմ կոնցեռն» ԲԸ և «Ռուսատոմ-միջազգային ցանց» մասնավոր հաստատության ներկայացուցիչները:
Ռուսաստանյան պատվիրակությունը գլխավորել է «Ռոսատոմ» պետկորպորացիայի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, զարգացման ու միջազգային բիզնեսի բաժնի տնօրեն Կիրիլ Կոմարովը, իսկ հայաստանյան պատվիրակությունը՝ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը:
Ամփոփելով ընթացիկ տարվա արդյունքները՝ կողմերը դրական են գնահատել 2014 թվականի դեկտեմբերի 20-ից ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները՝ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջև համագործակցության համաձայնագրի շրջանակում: Մասնակիցներն ընդգծել են համաշխարհային փորձի առումով աշխատանքների աննախադեպ ծավալը, որը կատարվել է սեղմ ժամկետներում՝ պլանային-նախազգուշական նորոգման շրջանակում, առանց էներգաբլոկի շահագործումը դադարեցնելու:
2019 թվականին ՀԱԷԿ-ում կատարվել են կայանի անվտանգութան մակարդակի բարձրացման աշխատանքներ, մեքենայացված սրահի սարքավորումները համալիր փոխվել և արդիականացվել են, ավարտվել է փոփոխման և արդիականացման ենթակա համակարգերի և սարքավորումների նախագծումը, տեղադրվել են անհրաժեշտ սարքավորումեր: ՀԱԷԿ-ի ներկայում իրականացվող արդիականացումը կբարձրացնի կայանի անվտանգության մակարդակը՝ միջազգային պահանջներին համապատասխան, ինչպես նաև կնպաստի աշխատանքի տնտեսմանը և արդյունավետությանը:
Նիստի մասնակիցները քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի 2020-2021 թվականների միջոցառումները:
Նախագծի իրագործման ընթացքում մեծ ուշադրություն է դարձվում նաև Հայաստանի ատոմային բնագավառի համար կադրերի պատրաստման գործում Ռուսաստանի և Հայաստանի միջև համագործակցությանը: Յուրաքանչյուր տարի հայաստանցի դիմորդների համար հատկացվում են քվոտաներ՝ ռուսաստանյան համալսարաններում, այդ թվում՝ «Ռոսատոմի» հիմնական բուհերում ուսանելու համար, անցկացվում են «Ռոսատոմի» և ՄԻՖԻ-ի օլիմպիադաներ՝ ֆիզիկայից ու մաթեմատիկայից, որոնց հաղթողներն ու մրցանակակիրները ստանում են արտոնություններ՝ ընդունվելու Ռուսաստանի առաջատար տեխնիկական համալսարաններ:
Ատոմային տեխնոլոգիաների հանրայնացման համար Հայաստանում կազմակերպվում են միջոցառումներ, որոնք հնարավորություն են տալիս ծանոթանալ մարդկանց կյանքի որակի բարձրացման նպատակով տարբեր ոլորտներում ատոմի կիրառմանը՝ Ատոմային տեխնոլոգիաների օրեր, Գիտության փառատոն և այլն: Այդ ամենը նպաստում է ատոմային էներգետիկայի հանրայնացմանն ու հասարակության ընկալմանը, ինչը մեծ դերակատարում ունի երկրի կյանքում:
Հայկական ԱԷԿ-ն արտադրում է երկրի ամբողջ էլեկտրաէներգիայի ավելի քան 1/3-ը և ապահովում է բնակչությանն ու ձեռնարկություններին անխափան էլեկտրամատակարարմամբ՝ խելամիտ սակագներով: