Թուրքիան հաստատել է Լիբիայի ԱՀԿ-ի հետ ռազմական համագործակցության հուշագիրը
Անկարան հաստատել է Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության հետ ստորագրած հուշագիրը ռազմական համագործակցության մասին, այն ստորագրված է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի կողմից, համապատասխան հրամանագիրը հինգշաբթի հրապարակվել է Resmi Gazete պաշտոնական կայքում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Ընդունվել է որոշում՝ հավանություն տալ Թուրքիայի Հանրապետության եւ Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության միջեւ անվտանգության եւ ռազմական համագործակցության մասին նոյեմբերի 27-ին Ստամբուլում ստորագրված հուշագրին»,- ասվում է փաստաթղթում։
Թուրքիայի խորհրդարանն անցած շաբաթ օրը վավերացրել է Տրիպոլիի կառավարության հետ կնքված ռազմական համագործակցության հուշագիրը։ Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր Լիբիա թուրք զինվորականներ ուղարկելու հնարավորության մասին, եթե Ազգային համաձայնության կառավարությունը դիմի Թուրքիային նման խնդրանքով։
Էրդողանը եւ Լիբիայի ԱՀԿ ղեկավար Ֆայեզ Սարաջը, որը վերահսկում է միայն երկրի տարածքի մի մասը, նոյեմբերի վերջին ստորագրել են հուշագրեր ռազմական համագործակցության եւ ծովային գոտիներում փոխըմբռնման մասին։ Դեկտեմբերի 5-ին ծովային գոտիների վերաբերյալ հուշագիրը վավերացվեց թուրքական խորհրդարանի կողմից։ Հունաստանը, Եգիպտոսը եւ Լիբիայի արեւելքում կառավարող ներկայացուցիչների պալատը (խորհրդարան) թուրք-լիբիական հուշագրերն անվանել են անօրինական եւ անվավեր։
2011 թվականին Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի տապալումից եւ սպանությունից հետո Լիբիան փաստորեն դադարել է գոյություն ունենալ որպես միասնական պետություն։ Այժմ երկրում երկիշխանություն է։ Արեւելքում կառավարում է ժողովրդի ընտրած խորհրդարանը, իսկ արեւմուտքում, մայրաքաղաք Տրիպոլիում՝ ՄԱԿ եւ Եվրամիության աջակցությամբ կազմավորված Ազգային համաձայնության կառավարությունը՝ Ֆայեզ Սարաջի գլխավորությամբ։ Երկրի արեւելյան մասի իշխանությունները գործում են անկախ Տրիպոլիից եւ համագործակցում են Լիբիայի ազգային բանակի հետ՝ Խալիֆա Հաֆթարի գլխավորությամբ, որն այս տարվա ապրիլից չի դադարեցնում Տրիպոլին զավթելու փորձերը։