Այս տարի ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ համաձայնագիրը վավերացրել է 15 երկիր. «Իմ քայլը»
Այս տարի ԵՄ-ի և Հայաստանի միջև համաձայնագիրը վավերացրել է 15 երկիր: Այս մասին դեկտեմբերի 26-ին ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արման Եղոյանը:
Նրա խոսքով՝ եթե դրան ավելացնենք եւս 8 երկիր, որոնք վավերացրել են համաձայնագիրը անցած տարի, ապա կստացվի 23 երկիր: «Այսինքն՝ ԵՄ 28 անդամ երկրներից մնացել է միայն 5 երկիր, որոնք դեռեւս չեն ավարտել վավերացման գործընթացը: Իտալիայի դեպքում համաձայնագիրը վավերացվել է Սենատի կողմից: Այժմ հերթը Ներկայացուցիչների պալատինն է: Մյուս 4 երկրներն են՝ Հունաստան, Ավստրիա, Իսպանիա եւ Պորտուգալիա»,- ասաց Եղոյանը:
Նա պարզաբանեց, որ երկրները, որոնք դեռեւս չեն վավերացրել տվյալ համաձայնագիրը, զբաղված են եղել իրենց հերթական, որոշ դեպքերում նույնիսկ արտահերթ խորհրդարանական ընտրություններով: Պատգամավորը կարծում է, որ վավերացման գործընթացը կավարտվի մոտ ապագայում: