Ամանորյա հանդիսություն Մայր Աթոռում՝ հատուկ կարիքներով երեխաների համար
Դեկտեմբերի 25-ի երեկոյան, հրավերով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելեցին «Արեւներ» դաունի սինդրոմով երեխաների աջակցության կենտրոնի սաները, «Մարի Իզմիրլյան» մանկատան հատուկ կարիքավոր երեխաները, «Ջերմիկ անկյուն» կազմակերպության 18 տարին լրացած մտավոր եւ ֆիզիկական սահմանափակումներ ունեցող անդամները եւ Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցու հովանու ներքո գտնվող անապահով ընտանիքների զավակները` գլխավորությամբ Արարատյան Հայրապետական թեմի հոգեւոր սպասավորներ Արժանապատիվ Տ. Գրիգոր քահանա Հովհաննիսյանի եւ Տ. Գրիգոր քահանա Գրիգորյանի:
Թվով շուրջ 250 մանուկների ու պատանիների եւ նրանց ծնողների ու խնամակալների այցելության կապակցությամբ Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակն ու «Հրաչ եւ Սյուզան Թուֆայան» Հայորդյաց տունը կազմակերպել էին հանդիսություն, որին ներկա գտնվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` կիսելով երեխաների ուրախությունը:
Հանդիսության ավարտին Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը, Տ. Գրիգոր քահանա Հովհաննիսյանը եւ Տ. Գրիգոր քահանա Գրիգորյանն իրենց խորին երախտագիտությունը հայտնեցին Հայոց Հայրապետին` հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի եւ հոգենորոգ տոների առիթով նրանց ուրախություն պարգեւելու համար: «Արեւներ» դաունի սինդրոմով երեխաների աջակցության կենտրոնի պատասխանատու Գրիգոր քահանան մասնավոր շնորհակալություն հայտնեց Նորին Սրբությանը` հանդիսության մասնակիցներին տեղեկացնելով, որ վերջերս Մայր Աթոռի կողմից Երեւան քաղաքում անհրաժեշտ տարածք է հատկացվել կենտրոնի գործունեության համար:
Այնուհետեւ ներկաներին իր հայրական օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը` շնորհավորելով գալիս տոների առիթով եւ մաղթելով լավատեսական ոգով հայացքը ուղղել դեպի նոր տարին` հավատքով, որ Աստված Իր առատ օրհնությունները կհեղի նրանց կյանքից ներս:
«Այս գեղեցիկ առիթով կուզեմ իմ գնահատանքի խոսքն արտահայտել այն ծնողներին ու խնամակալներին, որոնք սիրով, հանձնառությամբ, զոհոբերության ոգով եւ բարձր գիտակցությամբ ամեն ջանք ի գործ են դնում, որ մեր զավակներին ուրախություն պարգեւեն եւ լիարժեք կյանքի մասնակից դարձնեն նրանց», - ասաց Նորին Սրբությունը՝ կարեւորելով նման կարիքներ ունեցող երեխաների հետ տարվող աշխատանքը:
Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն ուղղեց քահանա հայերին, որոնց իրենց հովվական առաքելության մեջ մասնավոր ուշադրություն են դարձնում հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների եւ նրանց ընտանիքների նկատմամբ՝ իրենց աշխատանքով ջանալով զորացնել նրանց հավատը եւ լավատեսության ոգին: Նորին Սրբությունն իր օրհնությունը բերեց նաեւ գեղեցիկ միջոցառման կազմակերպիչներին եւ մասնակիցներին համար:
Բարի Ամանոր մաղթելով բոլոր մանուկներին, ներկա ծնողներին ու ընտանիքներին` Հայոց Հովվապետը հայցեց Երկնավոր Տիրոջից, որ Սուրբ Ծննդյան շնորհները զարդարեն նրանց կյանքի ընթացքը եւ շարունակեն ապրել Աստծով զորացած: «Իմացեք, որ Եկեղեցին ձեր կողքին է եւ ձեզ հետ է: Ձեր քայլերը միշտ ուղղեք դեպի եկեղեցի, որտեղ օրհնությունն է, որտեղ հրաշքն է գործում Աստծո միջոցով եւ հավատքի զորությամբ: Վստահ ենք, որ Աստված ձեր կյանքում նույնպես այդ հրաշքները պիտի կատարի», - պատգամեց Հայոց Հայրապետը:
Հանդիսությունից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր օրհնությունը բաշխեց յուրաքանչյուր մանուկին: