ORSIS. Հայաստան զենքի մատակարարման մրցույթի հետ կապված իրավիճակում առաջընթաց կա
Ռուսական ORSIS («Պրոմտեխնոլոգիա») զինագործական ընկերությունում առաջընթաց են տեսնում Հայաստան ռազմական տեխնիկայի մատակարարման տապալված մրցույթի հետ կապված իրավիճակում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ձեռնարկության պաշտոնական ներկայացուցիչը:
ORSIS-ը Հայաստանի ուժային կառույցներին զենքի մատակարարների սեւ ցուցակ էին ներառել ՀՀ պաշտպանության նախարարության կողմից մի քանի միլիոն դոլարի ռազմական տեխնիկայի մատակարարման մրցույթի տապալումից անմիջապես հետո, որին մասնակցել էր այս ընկերությունը: Ավելի ուշ Ռուսաստանի արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունը նամակ էր ուղարկել հայկական ռազմական գերատեսչության ղեկավար Դավիթ Տոնոյանին, որում այդ որոշումը որակվել էր «չպատճառաբանված»: Հայկական ուժայինները մրցույթի տապալման փաստով քրեական գործ են քննում «ծառայությանն անփույթ վերաբերմունք» հոդվածով: Ավելի ուշ Հայաստանում ORSIS-ի շահերը ներկայացնող փաստաբանը հայտնել էր, որ ընկերությունը սեւ ցուցակից հանել են:
Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ տապալված մրցույթի հետ կապված իրավիճակում տարեվերջին «որոշակի առաջընթաց է նկատվում»:
«Այսպես՝ դատարանի որոշմամբ ORSIS-ին հանել են մատակարարների սեւ ցուցակից: Սա դրական միտում է, քանի որ հնարավորություն է տալիս շարունակել Հայաստանի հետ մեր ընկերության համագործակցությունը, իսկ հանրապետությանը, որը մեր վաղեմի գործընկերն է, ստանալ ժամանակակից եւ որակյալ զենք»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով՝ հայկական լրատվամիջոցներում տեղեկություններ են հրապարակվել Հայաստանի պաշտպանության նախարարությունից բարձրաստիճան պաշտոնյաների ազատման մասին՝ կապված ORSIS-ի իրավիճակի հետ:
«Ընկերությունում կարծում են, որ մրցույթի տապալման հիմնական մեղավորները դեռեւս չեն պատժվել: Մինչեւ հիմա անհայտ են հանդիպելու մասին առաջարկին գերատեսչության պաշտոնական պատասխանի բացակայության պատճառները: Ընկերությանը տեղեկություններ են հասնում նախարարության կոնկրետ պաշտոնյաների կողմից ORSIS ընկերության նվիրաբերած ՄՕ նմուշները յուրացնելու մասին»,- հավելել է ընկերության ներկայացուցիչը: