Ամերիկացին բանկ է թալանել եւ ցփնել փողերը՝ երջանիկ Սուրբ ծնունդ մաղթելով
Տղամարդը բանկ է թալանել ամերիկյան Կոլորադո Սփրինգս քաղաքում (Կոլորադոյի նահանգ), ինչից հետո դուրս է եկել փողոց եւ փողերն օդ նետել՝ «երջանիկ Սուրբ ծնունդ» բացականչելով, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Hill պարբերականին։
Ականատեսը KKTV հեռուստաալիքին ասել է, որ դրանից հետո կողոպտիչը, որին ոստիկանությունը նույնացրել է 65-ամյա Դեւիդ Օլիվերի հետ, գնացել է մոտակա սրճարան, որտեղ սպասել է իրավապահներին։
Ոստիկանության տեղեկացմամբ՝ Օլիվերը դիմադրություն չի ցուցաբերել, զենք չի ունեցել։ Ինչպես նշում է պարբերականը, ականատեսները տեղեկացրել են, որ անցորդները հավաքում էին կողոպտչի նետած փողերը եւ վերադարձնում բանկին։
Թե ինչ գումարի մասին է խոսքը՝ հայտնի չէ։ Այնուամենայնիվ, ոստիկանության սերժանտ Ջիմ Ջեֆոքաթը հայտարարել է միջադեպի հետեւանքով «հազար դոլարի» կորստի մասին։