Ինչ ցուցմունք է տվել Մարտի 1-ի գործով ոստիկանը, որից Քոչարյանի աջակիցը առաջարկել էր հրաժարվել. մանրամասներ․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Երեկ, ինչպես հայտնի դարձավ, ձերբակալվեց «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանը: Պարզվեց, որ վերջինս ձերբակալվել է Ռոբերտ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանի քրեական գործի շրջանակներում նույն հոդվածով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով: Հիշեցնենք, որ, ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության, Վարուժան Մկրտչյանը «Մարտի 1»-ի գործով տուժողներից մեկին առաջարկել է ցուցմունքից հրաժարվել եւ դրա դիմաց գումար ստանալ: Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով (Սուտ ցուցմունք տալու նպատակով վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելը, որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից): Ի վերջո, «ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ հետաքննություն իրականացրեց՝ հասկանալու համար, թե ով է տուժողը, որին, իբր, փորձել են համոզել, որ ցուցմունքից հրաժարվի: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ որ «Մարտի 1»-ի գործով այդ տուժողը Վրույր Գաբրիելյանն է, որ ներկայումս ՃՈ դասակի հրամանատար է:
Եվ, ահա, ինչպես հայտնի է, «ժողովուրդ» օրաթերթի ձեռքում էին հայտնվել «Մարտի 1»-ի գործով մի շարք պաշտոնատար անձանց ցուցմունքները, եւ հրապարակել էինք այդ ցուցմունքների մի մասը: Ուստի հաշվի առնելով իրավիճակը՝ ներկայացնում ենք, թե ինչ ցուցմունք է տվել Վրույր Գաբրիելյանը «Մարտի 1 »- ի գործով, որ, իբր, նրան համոզել են ցուցմունքը հետ վերցնի: Ուսումնասիրելով ցուցմունքը՝ այնտեղ որեւէ տող չկա Ռոբերտ Քոչարյանի կամ այլ պաշտոնատար անձի մասին: Մասնավորապես, ՃՈ դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանը «Մարտի 1»-ի գործով ցուցմունք է տվել եւ հայտնել է ՀՔԾ քննիչներին, որ ՀՀ ոստիկանությունում ծառայում է 2005 թվականից եւ ներկայումս զբաղեցնում է ՀՀ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի առաջին դասակի հրամանատարի պաշտոնը: Վերջինս ՀՔԾ քննիչներին հայտնել է՝ 2008 թվականի մարտի 1-ին՝ ժամը 5:30-ին, գտնվել է տանը, երբ ՊՊԾ գնդից զանգահարել են եւ ասել, որ տագնապ է: ՀՔԾ քննիչը հարցադրում է արել՝ նշելով, թե Ազատության հրապարակում սեւ համազգեստով դիմակավորված անձանց տեսել է, թե ոչ. եթե տեսել է, ապա ի՞նչ գործողություններ են արել: Ի պատասխան՝ Վրույր Գաբրիելյանը հայտնել է, որ նման մարդկանց չի նկատել: ՀՔԾ քննիչի հարցադրումները այսքանով չեն սահմանափակվել, վերջինս ՃՈ պաշտոնատար անձից հետաքրքրվել է, թե արդյոք Երեւան քաղաքի վարչության պետի տեղակալ Սաշա Աֆյանը ՊՊԾ գնդում եղել է եւ անձնակազմին հրամաններ տվել է: Ի պատասխան՝ Վրույր Գաբրիելյանը ցուցմունք է տվել՝ հայտնելով որ Սաշա Աֆյանը ՊՊԾ գնդում չի եղել եւ իրենց հանձնարարական չի տվել, եւ, ըստ ՃՈ պաշտոնատար անձի, իրենք. Սաշա Աֆյանին այլ տեղ են տեսել:
Ստորեւ ներկայացնում ենք Մարտի 1-ի գործով տուժող Վրույր Գաբրիելյանի ցուցմունքը, որտեղ որեւէ տեղ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Լևոն Տեր Պետրոսյանի կամ ոստիկանության որեւէ պաշտոնատար անձի նկատմամբ որեւէ ցուցմունք տրված չէ կամ որեւէ ուշագրավ տեղեկություն ՀՔԾ քննիչին չի հայտնվում, ուստի հարց է առաջանում՝ Վարուժան Մկրտչյանը կամ Արմեն Թավադյանը ինչու պետք է ճնշեին ՃՈ դասակի հրամանատարին, որ նա ցուցմունքը հետ վերցներ:Հուսանք՝ այս հարցերի պատասխանը կտա քննությունը»: