Օպերայի հոբելյանական` 80-րդ թատերաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 20-ին
Սեպտեմբերի 20-ին, Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերային ներկայացումով կմեկնարկի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հոբելյանական 80-րդ թատերաշրջանը: Կշարունակվի 2012 թ. սեպտեմբերից մեկնարկած «Համերգ ճեմասրահում» նախագիծը և կմեկնարկի «Նվագախումբ +» խորագիրը կրող նախագծի անդրանիկ համերգը:
Արամ Խաչատրյանի 110-ամյակի հոբելյանական տարվա առթիվ սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին թատրոնում կընթանան մեծանուն կոմպոզիտորի «Սպարտակ», «Գայանե», «Ձոն հավերժության» բալետային ներկայացումները, ինչպես նաև` Արամ Խաչատրյանի անվան եռյակի ելույթը «Համերգ ճեմասրահում» նախագծի շրջանակներում:
Կներկայացվեն Ջուզեպպե Վերդիի 200-ամյակին նվիրված «Տրավիատա», «Տրուբադուր» և Ռեքվիեմ ստեղծագործությունները: Տեղի կունենա Ռիխարդ Վագների 200-ամյակին նվիրված գալա համերգ, որին կմասնակցեն ճանաչված հայ սոպրանոներ Աննա Կասյանը (Ֆրանսիա), Ռոզի Անուշ Սվազլյանը (ԱՄՆ) և Հրաչուհի Բասենց Խումարյանը (Գերմանիա):
Շուքով կնշվի հայ օպերային արվեստի երախտավոր, ՀՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, տենոր Ավագ Պետրոսյանի 100-ամյակը:
Ամերիկացի ճանաչված պարուսոյցներ Էդի Լիանգին, Թրեյ Մակենթայերը թատրոնում կիրականացնեն բեմադրություններ, այդ թվում՝ աշխարհահռչակ Բալանչինի բալետներից «Սերենադը», որոնք կընթանան «Ամերիկյան բալետի երեկո» խորագրի ներքո: Նոյեմբերին հայ հանդիսատեսը ականատես կլինի «Սան Ֆրանցիսկո բալետի» մենապարողներ Վանեսա Զահովյանի, Դավիթ Կարապետյանի արվեստին:
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը զուգահեռ հանդես կգա իր խաղացանկային ներկայացումներով, ինչպես նաև` պրեմիերաներով: