Բժիշկները հեռացրել են 9,5 կգ կշռող հսկա երիկամը (Լուսանկարներ)
Մասնագետների խումբը 7 ժամ տեւած վիրահատության ժամանակ հեռացրել է 9,5 կգ քաշով երիկամ:
The Sun պարբերականը հայտնում է, որ պացիենտը Դեյվ Ուեյթլին է՝ անգլիական Բեյզինգսթոուք քաղաքից, Հեմփշիր կոմսություն, որի մոտ 2002 թվականին ախտորոշվել էր երիկամների պոլիկիստոզ՝ հիվանդություն, որի հետեւանքով երիկամները մեծանում են, քանի որ դրանց մեջ ձեւավորվում են հեղուկով լցված պարկիկներ: Օրգանը ժամանակի ընթացքում կորցնում է իր ֆունկցիաները կատարելու ունակությունը:
2012 թվականին հեռացրել էին պացիենտի 7,4 կգ կշռող առաջին երիկամը, իսկ 2 տարի հետո փոխպատվաստել էին առողջ դոնորային երիկամ: Ընթացիկ տարվա դեկտեմբերին էլ տղամարդը ենթարկվել է երկրորդ հիվանդ երիկամի հեռացման վիրահատության, որի քաշը կազմել է 9,5 կգ, իսկ տրամագիծը՝ մոտ 30 սմ:
Պացիենտը խոստովանել է, որ վիրահատությունից հետո թեթեւություն է զգացել. դրանից առաջ նա «կարծես ներսում երեք երեխա կրեր»: Հիվանդության պատճառով նա մշտապես գանգատվում էր ցավից եւ հոգնածությունից:
Ուեյթլիի երիկամը 120 անգամ գերազանցում է մեծահասակ մարդու համար այս օրգանի նորմալ չափերը եւ համարվում է աշխարհում ամենախոշորը: Ուեյթլին կարծում է, որ իր օրգանի մասին հոդվածը կհայտնվի Գինեսի ռեկորդների գրքում: