Առնանդամի նմանվող ամանորյա սահադաշտը Նովոսիբիրսկում իրարանցում է առաջացրել. PR քայլ թե՞ իրականություն (18+)
Նովոսիբիրսկի քաղաքապետարանը չի պատրաստվում փոխել ամանորյա սահադաշտի ձեւը, որը գտնվում է օպերայի եւ բալետի թատրոնի մոտ, քաղաքային հրապարակում, տեղեկացնում է Meduza-ն։
Անցած հանգստյան օրերին լուսանկարիչ Սլավա Ստեպանովը ֆեյսբուքում հրապարակեց գլխավոր տոնածառը, սահադաշտն ու Նովոսիբիրսկի սառցե քաղաքը թռչնի թռիչքի բարձրությունից։
Դրանից հետո սոցցանցի օգտատերերը սկսեցին կատակել, թե սահադաշտը ձեւով նման է առնանդամի՝ այն անվանելով «քաղաքի ֆալոսյան խորհրդանշան» եւ «իշխանության ամանորյա ուղերձը ժողովրդին»։
Նովոսիբիրսկի փոխքաղաքապետ Աննա Տերեշկովան մեկնաբանել է սահադաշտի շուրջ ստեղծված իրարանցումը։ «Իսկական արվեստը պետք է գրգռի»,- գրել է նա իր ֆեյսբուքում։ Ի պատասխան վրդովված մեկնաբանությունների՝ Տերեշկովան նաեւ գրել է, որ իշխանությունները մտադիր չեն փոխել սահադաշտի ձեւը։
Նովոսիբիրսկի քաղաքապետ Անատոլի Լոկոտը իր հերթին քաղխորհրդի նստաշրջանում սահադաշտի մասին ասել է հետեւյալը. «Հոգեբուժության մեջ այսպիսի թեստ կա, երբ հրավիրում ու ցույց են տալիս տարբեր բծեր։ Այդպես որոշում են տարբեր հակումներ, ով ինչի է նախատրամադրված»։
Ի դեպ, Նովոսիբիրսկի բոլոր բնակիչները չէ, որ զայրանում են, շատերին սահադաշտը դուր է եկել։ Մյուսները սահադաշտի արտասովոր ձեւն անվանում են հիանալի PR նախագիծ, որի պատճառով այժմ բոլորը քաղաքի մասին են խոսում։