Հայոց ցեղասպանության ճանաչումը 2019-ին ամենաթերագնահատված թեմաներից է. «The Washington Post»
«The Washington Post» ամերիկյան թերթի լրագրողը Հայոց ցեղասպանության ճանաչման թեման ներառել է անցնող տարվա ամերիկյան քաղաքականության մեջ ամենաթերագնահատված 5 խնդիրների ցուցակում։
Թերագնահատված հիմնական թեմաների մեջ նա նշել է «մարդու իրավունքների ավելի ակնհայտ սահմանափակումը ամերիկյան արտաքին քաղաքականությունում»։ Նա այդ ցուցակում ներառել է երեք թեմա՝ սաուդցի լրագրող Ջամալ Խոշաղջիի սպանությունը, Հոնկոնգի բողոքները և Հայոց ցեղասպանության ճանաչումը։
Նրա խոսքով՝ երեք դեպքում էլ Դոնալդ Թրամփը որոշել է պարզապես գլուխ չդնել, որպեսզի չփչացնի հարաբերությունները Սաուդյան Արաբիայի, Չինաստանի (առևտրային գործարքի թեժ պահին), ինչպես նաև Թուրքիայի հետ։
«Սիրիայում ԱՄՆ դաշնակից քրդերի դեմ Թուրքիայի հարձակումներից եւ Ռուսաստանի հետ ավելի սերտ խաղերից հետո Կոնգրեսն առաջին անգամ կամքը բռունցք դարձրեց եւ հայտարարեց, որ Թուրքիայի գործողությունները հայերի հանդեպ հարյուր տարի առաջ ցեղասպանություն են եղել։ Դա արվեց տասնամյակների մերժումներից հետո»,- գրում է Աարոն Բլեյքը։
Նրա կարծիքով՝ Սպիտակ տունը բազմիցս հետաձգել է ճանաչման գործընթացը Կոնգրեսում, ըստ երեւույթին Թրամփի ցանկության պատճառով՝ հարաբերությունները պահպանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ «Իսկ հիմա վարչակազմը հայտարարեց, որ Սենատի հռչակագիրը չի արտացոլում նրա դիրքորոշումը»,- նշում է նա։
Բլեյքն ավելացրել է, որ Թրամփն առաջինը չէ, որ նման կերպ է վարվել, եւ նրա նախորդ Բարաք Օբաման նույնպես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։