Կրթության որակը չի կարող բավարարել որևէ մեկին, քանի որ աշխատանքի կազմակերպման խնդիր կա. Արմեն Աշոտյան
Նախարարության բանաձևը մնում է նույնը. լավ սովորող ոչ մի ուսանող սոցիալական խնդիրների պատճառով չպետք է զրկվի ուսման հնարավորությունից, ավելին՝ իրենց դիրքորոշումն է՝ ընդլայնել անվճար կրթության իրավունքը, խրախուսել լավագույն ուսանողներին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Նրա խոսքով' որակի շարունակական աճ ապահովելով՝ պետք է նաև հստակեցնել պետության կարգավորիչ դերը:
Ուսման վարձավճարների թանկացման դեմ, ըստ Աշոտյանի, հասարակական ընդվզում չկա, կան մի շարք խմբեր, որ իրենց դժգոհությունն են արտահայտում: Արմեն Աշոտյանը նշեց, որ ՀՀ-ում բարձրագույն կրթության որակը տարբեր է. չի կարելի ասել, որ ունենք որակյալ կրթություն, բայց նաև հակառակը պնդել չի կարելի. մեր կրթական համակարգում կան արդիականացման կարիք ունեցող, ոչ պիտանի և մրցունակ կրթական ծրագրերից մինչև լավագույն, եվրոպական որակի կրթական ծրագրեր:
Նրա խոսքով' կրթության որակը չի կարող բավարարել որևէ մեկին, քանի որ աշխատանքի կազմակերպման խնդիր կա: Կան միջոցառումներ, որոնք պահանջում են հավելյալ ֆինանսական ներդրումներ, կան այնպիսիք, որոնք չեն պահանջում, սակայն եթե ուզում ենք պրոգրես տեսնել, պիտի խրախուսենք առաջընթացը:
Արմեն Աշոտյանը խոստացավ, որ ուսումնական տարին կլինի հետաքրքիր, նախարարության աշխատանքը՝ բաց ու թափանցիկ: