ԱՄՆ-ը 175 միլիոն դոլար է հատկացրել Բալթյան երկրների ռազմական օգնության համար
Միացյալ Նահանգները 175 միլիոն դոլար է հատկացրել 2020թ․ Էստոնիայի, Լատվիայի եւ Լիտվայի ռազմական օգնության համար։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Էստոնիայի ՊՆ-ին։
Երեք երկրներն էլ ՆԱՏՕ-ի անդամ են, եւ բոլորն էլ սահմանակից են Ռուսաստանին։
Էստոնիայի ՊՆ-ն հայտարարել է, որ 125 մլն դոլարի ռազմական ընդհանուր օգնության հետ Վաշինգտոնն առաջին անգամ 50 մլն դոլար է տրամադրել երեք նախկին խորհրդային հանրապետությունների ՀՕՊ հնարավորությունների ընդլայնման համար։
«Մեր դաշնակից ԱՄՆ-ը հստակ հաստատում էիր հավատարմությունը կոլեկտիվ պաշտպանությանը Եվրոպայի արեւելյան մասում»,- ասել է Էստոնիայի պաշտպանության նախարար Յուրի Լուիկը։
Նա ընդգծել է, որ «մերձբալթյան օդային ոստիկանությունից հակաօդային պաշտպանությանն անցումը պահանջում է ՆԱՏՕ-ում բոլոր դաշնակիցների որոշումը, սակայն ԱՄՆ-ի դիրքորոշումը եւ գործնական աջակցությունը մեծ նշանակություն ունեն»։
Նախարարությունը հայտարարել է, որ Բալթյան տարածաշրջանի հակաօդային պաշտպանությունը կազմված կլինի վաղ նախազգուշացման լավ գործող համակարգից, դիտարկման միջոցներից, զենիթային զենքի համակարգերից եւ որակավորված աշխատակիցներից։