Պարոն Օսիպյանը տիպիկ դեմագոգ և երկերեսանի անձնավորություն է. Սոնյա Մսրյան
«Պարոն Օսիպյանը կարող է ժպտալ ակտիվիստներին, հաճոյախոսել, բարին ձևանալ, հետո առանց իրավական հիմքերի հրամայել, որ ակտիվիստներին բերման ենթարկեն: Օսիպյանը տիպիկ դեմագոգ և երկերեսանի անձնավորություն է»,- Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ակտիվիստ Սոնյա Մսրյանը: Նրա խոսքով՝ ոստիկանները կատարում են ոչ իրավաչափ գործողություններ: «Բազմաթիվ են եղել երեկոյան 19:00-ից հետո ոստիկանության կողմից ակցիաները խոչընդոտող քայլերը և ձերբակալությունները, որոնք նաև պատճառաբանվել են նրանով, որ իբր թե «խանգարում եք քաղաքապետարանի բնականոն աշխատանքը», որը իմ սուբյեկտիվ կարծիքով ոչ իրավաչափ է»: Ըստ Սոնյա Մսրյանի՝ ոստիկանությունը թողնում է ոչ պրոֆեսինալ կառույցի տպավորություն. «Մի օր որոշում են, որ քաղաքապետարանի շենքի հարակից խոտածածկույթի կամ աստիճանների վրա կարելի է կանգնել, մի օր էլ ասում են ՝ չի կարելի:
Հասարակական կարգ պահպանելը չի կարող հիմնվել ոստիկանի սուբյեկտիվ էսթետիկական ճաշակի կամ ցանկության վրա: Գոյություն ունեն իրավական ակտեր, որոնք կամ խախտում ենք կամ` ոչ: Ինձ քիչ է հետաքրքրում` ոստիկանին դուր է գալիս իմ թմբուկ նվագելը, թե ոչ: Ես անձնամբ իրացնում եմ խաղաղ ակցիաներ և ցույցեր անցկակացնելու իմ սահմանադրական իրավունքը: Անձամբ ինձ ոստիկանության բաժանմունք են տարել միայն նրա համար, որ ես թմբուկ եմ խփել: Հարգելի՛ ոստիկաններ, այդ դեպքում անձնամբ եմ հետևելու, որ բոլոր ֆուտբոլային խաղերից հետո թմբուկ խփողներին բերման ենթարկեք բաժին, եթե ձեր օրենքը այդպես է գործում»,-դժգոհեց ակտիվիստը: Նա նաև հիշեց. «Երբ ակցիայի մասնակիցներին չէին թողնում աստիճանների վրա կանգնել, կային քաղաքացիական հագուստով մի քանի կասկածելի անձիք, ովքեր կանգնած էին աստիճանահարթակի վրա: Մենք հարց բարձրացրեցինք. եթե բոլորս հավասար ենք օրենքի առջև, ինչու՞ մեզ չի թույլատրվում, իսկ իրենց թույլատրվում է… հարցը մնաց անպատասխան»: Սոնյա Մսրյանը նաև պատմեց՝ եղել է դեպք, երբ քաղաքապետարանում հայտնված այդ կասկածելի դեմքերից մեկը հայհոյել է մի ակտիվիստ աղջկա, իրենց պահանջել են Երևանի փոխոստիկանապետից իրականացված տեսագրությունների հիման վրա տվյալ անձնավորությանը պատասխանատվության ենթարկել, բայց այդ ամենը ևս մնացել է անպատասխան: