Ադրբեջանի հետ պատերազմի սպառնալիքը միշտ է պահպանվում․ Հայաստանի նախկին վարչապետ
Պատերազմի սպառնալիքը միշտ է պահպանվում, քանի որ Ադրբեջանը գիտի, որ այն, ինչ ուզում է Բաքուն, բանակցությունների ճանապարհով չի ստանա։ Այս մասին դեկտեմբերի 23-ին հանրային քննարկումների շրջանակում հայտարարեց «Վերնատուն» ակումբի նախագահ Վազգեն Մանուկյանը։
Նա նկատեց, թե 2016թ․ ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ Բաքուն պատրաստ չէ պատերազմի՝ չնայած տեխնիկայի առկայությանը։
«Այժմ, կարծես, որոշ ակնկալիքներ կան Նիկոլ Փաշինյանից։ Այլ բան է, թե որքանով են դրանք իրական։ Փաշինյանի այն հայտարարությունը, որ «Արցախը Հայաստան է եւ վերջ», ֆլուկտուացիա է, իսկ ահա ԱԳՆ ղեկավարի ելույթը ցույց տվեց, որ իշխանությունները ուզում են պահպանել այն գիծը, որից դուրս գալը վտանգավոր է»,- նշեց Մանուկյանը։
Նա նկատեց, թե ՄԱԿ ԱԽ բանաձեւերում նշված է, որ պետք է լուծել տարածքների եւ Արցախի կարգավիճակի հարցը, սակայն նշված չէ ինչպես։
«Այսօր Ադրբեջանը ուզում է ամեն ինչ, եւ եթե նա ստանա որեւէ տարածք, դա լուրջ սպառնալիք կստեղծի մեզ համար, անհրաժեշտ է շարունակել բանակցություններ վարել»,- հավելեց նախկին վարչապետը։
Նա ընդգծեց, որ բանակցությունների սեղանին դեռեւս մնում է տարածքների եւ Ղարաբաղի անկախության հարցը։ «Միաժամանակ, այս տարիներին քննարկվել են տարբեր գաղափարներ, այդ թվում՝ միասնական պետության գաղափարը, ինչպես նաեւ այն գաղափարը, որ Արցախը ճանաչվում է անկախ, իսկ Ադրբեջանը ստանում է ճանապարհ Զանգեզուրի միջով, սակայն դրան բացասական գնահատական է տրվել։ Կարեւոր է նշել, որ Բաքվի համար Զանգեզուրն ունի ավելի մեծ նշանակություն, քան Արցախը։ Սյունիքի մարզի գրավումը Բաքվի ռազմավարական ծրագիրն է, եւ դրա իրականացումը թույլ կտա բացել թյուրքալեզու ժողովուրդների միասնական գոտին՝ Թուրքիայից մինչեւ Չինաստան։ Դա վտանգավոր է ոչ միայն մեզ համար, այլեւ Ռուսաստանի եւ Չինաստանի համար։ Մեր շահերը ղարաբաղյան խնդրում Ռուսաստանի հետ մասամբ համընկնում են, մասամբ՝ ոչ։ Նույնպիսի իրավիճակ է Իրանի հետ»,- ամփոփեց Մանուկյանը։