Էրդողանը կոչ է արել գնահատել, թե ինչ օգուտ եւ վնաս է բերել իր երկրին Մոնտրյոյի բանաձեւը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել գնահատել, թե ինչ օգուտ եւ վնաս է բերել իր երկրին Բոսֆորի նեղուցով նավերի անցնելու մասին Մոնտրյոյի բանաձեւը՝ Սեւ եւ Մարմարի ծովերի միջեւ «Ստամբուլ» ջրանցքի կառուցումը սկսելու ծրագրի ֆոնին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Մոնտրյոյի բանաձեւը որոշում է սեւծովյան Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցների ռեժիմը։ Բանաձեւով բոլոր երկրների առեւտրային նավերին թույլ է տրվում ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմի ժամանակ ազատ անցնել նեղուցներով։ Սակայն ռազմանավերի անցնելու ռեժիմը տարբեր է սեւծովյան եւ ոչ սեւծովյան պետությունների համար։ Ոչ սեւծովյան ռազմական նավերի համար սահմանված են էական սահմանափակումներ՝ ժամանման կարգի եւ ժամկետի հետ կապված։
«Մենք կկառուցենք «Ստամբուլ» ջրանցքը։ Սակայն ոմանք ասում են, որ մենք դա չենք անի․․․ Բայց դուք մոռացել եք Independent տանկերի հետ կապված միջադեպը (ռումինական տանկերը 1979թ․ բախվել էր հունական բեռնատարի հետ Բոսֆորի նեղուցում)։ Երբ այն 7-8 ամիս այրվում էր, դուք հարցնում էիք՝ ինչու՞ այդպես եղավ։ Դուք չե՞ք նկատում, թե ինչպես են երբեմն տանկերները սլանում Բոսֆորի ափերի առանձնատների վրա։ Ի՞նչ ստացավ Թուրքիան Մոնտրյոյի համաձայանգրից՝ ի՞նչ շահեց, ի՞նչ կորցրեց»,- ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Ստամբուլում։
Ավելի վաղ Էրդողանը հայտնել էր «Ստամբուլ» ջրանցքի կառուցման համար տենդեր հայտարարելու մասին։ Ըստ նրա ջրանցքը կվերացնի Բոսֆորում էկոլոգիական եւ տեխնիկական աղետները։ Ստամբուլի քաղաքապետ Էկրեմ Իմամօղլուն դեմ է այդ նախագծին եւ կոչ է անում հանրաքվե անցկացնել։
Ենթադրվում է, որ նոր ջրանցքը կանցնի Ստամբուլից արեւմուտք գտնվող Կյուչյուկչեկմեջ, Սազլիդեր եւ Դուրուսու շրջաններով։ Դրանով կկարողանա օրական մոտ 160 նավ անցնել, այդ թվում 300 000 տոննայանոց տանկերներ։